Մարտի 10-ին, Պլովդիվի Սուրբ Գեւորգ եկեղեցում, Ս. Պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել նույն եկեղեցու Եկեղեցական Վարչության հաշվետու-ընտրական ժողովը, հաղորդում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվանից: Եկեղեցու բակում գտնվող Հայ մշակույթի տան դահլիճում հավաքվել էին համայնքի ավելի քան 200 անդամներ: Ժողովը ղեկավարում էին Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Թեմական խորհրդի ատենապետ պ-ն Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Գեւորգ ավագ քահանա Խաչերյանը եւ Եկեղեցական վարչության ատենապետ պ-ն Եղիազար Ուզունյանը:

Եկեղեցական վարչության ատենապետը ներկայացրել է վարչության 2010-2013 թթ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաեւ Վերահսկիչ հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքները: Ժողովը հաշվետվություները լսելուց հետո քվեարկությամբ դրանք ընդունել է, որին հետեւել է վարչության հրաժարականի քվեարկությունը, որը նույնպես ընդունվել է:

Մինչեւ նոր վարչության թեկնածուների առաջադրումը, Առաջնորդական տեղապահը ներկաներին ծանոթացրել է եկեղեցական կառավարման Հայ եկեղեցում առկա փորձը եւ առաջարկեց, որ հոգեւոր հովիվը ի պաշտոնե լինի վարչության անդամ:

Ժողովի գրանցված մասնակիցների թիվը 204-ն էր, որոնցից 190-ը մասնակցել են քվեարկությանը: Քվեարկության արդյունքում ընտրվել է Պլովդիվի Ս. Գեւորգ եկեղեցու նոր Եկեղեցական վարչություն: