Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր՝ մարտի 14-ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին՝ Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է.

«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները եւ շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ եւ երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո եւ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:  

Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն եւ արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ: 

Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարեւորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր եւ մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով,  կրթական եւ  բարեսիրական բազում ծրագրերով:

Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան եւ զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջեւ երկխոսության եւ բարեկամության»: