Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային` համաձայն Իտալիայի արարողակարգի:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական  պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին` ընդգծելով դրանց  ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում:

Քննարկվել է նաեւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծել է Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը եւ Հայաստանի` համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտելէ , որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության եւ անվտանգության գերակայության հարցում:

Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրել է  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ որ ՀՀ դիրքորոշումը լիովին  համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: