Ներկայացնում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը մի շարք հայաստանյան լրատվամիջոցներին:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ – Պարո՛ն Նախագահ, միտինգային ժողովրդավարությունը կարեւոր բան է: Բայց, արդյո՞ք, երբ բանը հասնում է արդեն 5-րդ շարասյուների ելույթներին, հակապետական, հակաբա-րոյական ելույթներին՝ սահմանափակումներ պետք չեն: Վառ օրինակը, որ շատերի վրդովմունքը առաջացրեց` Ռուբեն Հախվերդյանի այդ համեմատությունն էր՝ Ադրբեջանի հեռավոր գավառի հետ: Արդյո՞ք ինչ-որ սահմաններ այդ ամենում դնել պետք չէ:

Սերժ Սարգսյան- Իհարկե, պետք է: Բայց մենք երբեք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չպետք է գնանք: Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել եւս՝ մարդկային հարաբերություններում: Պիտի ավելացնեմ նաեւ, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը եւ ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել: Բայց կբավարարվեմ մեկով. ես երբեք Բորիս Կեւորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Նրանք տարբեր մարդիկ են: Գոնե անուն, ազգանուններից կարելի է տարբերակել: Սա` մեկ: Եվ երկրորդ` նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու եւ աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել եւ առաջին հերթին՝ նախորդ սերունդների նկատմամբ: Որեւէ մեկն այսօր ճշգրտությամբ չի կարող ասել՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ի՞նչ կլիներ մեր ճակատագիրը: Եթե որեւէ մեկը գիտի` թող ասի: Այսինքն, մենք արդյո՞ք իրավունք ունենք ելնելու այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որեւէ լավ գործ չի կատարվել: Այսինքն, եթե մենք փնովում ենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, հավասարապես պետք է փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությո՞ւնը: Մենք պետք է փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները եւ՞ս: Եվ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, փաստորեն մենք պետք է փնովե՞նք Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ- երաժշտության համար: Արդյո՞ք սա մոտեցում է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին: Թե ինչպես եմ ծառայել, կարող են վկայել այդ Ադրբեջանի «հեռավոր գավառի բնակիչները»: Ինչեւէ, տա Աստված, որ Ռուբեն Հախվերդյանը շուտով վերադառնա այն գործին, որից նա հասկանում է եւ մեզ ուրախացնի իր նոր ստեղծագործություններով: Իսկ հավաքները, ելույթները սահմանափակելը մեզ ոչինչ չի տա: Մենք շատ տեւական ժամանակ, նաեւ անկախ Հայաստանի պայմաններում, ապրել ենք այդ վիճակում: Արդյո՞ք այն ժամանակ լավ էր վիճակը: Կարծում եմ` ոչ: Հիմա ավելի լավ է: Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է Նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ, որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետեւ գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում, մի անհանգստացիր: Որեւէ բան մեր երկրի, հիմա դժվար է անդորր ասել, բնականոն կյանքը չի կարող խանգարել:

Շավարշ Գեւորգյան, Հ2 հ/ը – Պարո՛ն Նախագահ, թերեւս շատերին է հետաքրքրում ապագա կառավարության հարցը: Հետաքրքիր է իմանալ` կառավարության կազմը փոխվելու է, թե՞ փոփոխվելու: Վարչապետը նշանակվելո՞ւ է թե՞ վերանշանակվելու:

Սերժ Սարգսյան – Գիտեք, եթե ամեն ինչ ասելու լինեի` վաղուց արդեն հայտարարած կլինեի: Ոչ միայն այն պատճառով, որ դա գաղտնիք է, այլ որովհետեւ դա լուրջ գործընթաց է եւ այդ գործընթացին պետք է լրջությամբ մոտենալ: Ցավոք, երբ մեր երկրում խոսում են փոփոխությունների մասին, առաջին հերթին՝ խոսում են մարդկանց փոփոխությունների մասին: Բայց մեկ տարի է, որ մի տարօրինակ երեւույթ էլ կա: Մարդկանց փոփոխությունների մասին ամենաշատը խոսում են նախկին պաշտոնյաները: Գործող պաշտոնյաների փոփոխության մասին խոսում են հենց գործող պաշտոնյաները: Առաջինները խոսում են այն ակնկալիքով, որ այդ փոփոխությունների պատճառով հանկարծ կարող է իրենք հետ գան: Երկրորդները խոսում են, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք կարող են ավելի բարձր պաշտոն ստանալ: Փոփոխությունների մասին խոսում են նաեւ այն մարդիկ, ովքեր ակնկալիքներ ունեն, որ ապագայում կարող են պաշտոն ստանալ: Բայց մի վերապահումով, ով խոսում է` նկատի ունի բոլորին, բացի իրենից: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն եղել կամ չպետք է լինեն: Պետք է ջարդել կարծրատիպը: Ես հիմա թիվ կասեմ` բոլորդ կզարմանաք: Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձեւավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար, գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ, որեւէ մեկը մտածում էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ոչ: Ինչո՞ւ, որովհետեւ առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ մեր երկրում կադրային փոփոխություններ չեն լինում: Գնացեք, ստուգեք, տեսեք` 20 փոփոխություն: Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում եւ ընդհանրապես ինչ է նշանակում նախարար: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն լինելու: Ընդհակառակը` ես մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ`որեւէ պետական պաշտոնյա չի կարող երաշխավորված լինել, թե նրան երբեք որեւէ մեկը պաշտոնից չի ազատելու: Եվ հիմա, եթե դուք ինձ ցանկացած պաշտոնյայի մասին հարցնեք, իմ պատասխանը հետեւյալն է՝ այսօրվա դրությամբ ես այդպիսի միտք չունեմ: Բայց դա չի նշանակում, որ այդ նույն պաշտոնյան վաղը չէ մյուս օրը չի թերանալու, որի համար համարեմ, որ նա պետք է պաշտոնից հեռանա: Ասածս հետեւյալն է` կադրային փոփոխությունները մշտական գործընթաց են: Երեւի թե, մեր սխալն է, մեր մեղքն է, որ այս ուղղությամբ լուսաբանումը լավ չենք իրականացնում, բայց իրականությունը դա է: Ընդհանրապես մեր երկրում չկան շատ երկար աշխատող պաշտոնյաներ` նկատի ունեմ նույն պաշտոնում՝ ես ինձ նկատի չունեմ: Բայց նայեք հարեւան երկրներին, տեսեք՝ մարդիկ կան, որ 20 տարուց ավելի նախարարներ են: Ուրեմն, մի բան կա այստեղ: Հիմա ես ձեզ չեմ կարող պատասխանել, որ կառավարությունն ամբողջ կազմով փոխվելու է: Իմ պատասխանը հետեւյալն է` այսօր դեռեւս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս: Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձեւավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին եւ խնդիր եմ դրել այդ կառավարության առջեւ: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: 2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատ¬մամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե եւ պակաս: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը եւ ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են: Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա: Իհարկե, մեծախոսներ կան: Իհարկե, իրականությունից կտրված մարդիկ կան եւ նրանց թվում է, թե ամեն ինչը հեշտ է, ասացիր` արվեց, վերջացավ, դարձավ դրախտ: Այդպես չէ: Կառավարության անդամի աշխատանքը տքնաջան, չարքաշ աշխատանք է: Ես ձեզ հավաստիացնում եմ: 15 տարի աշխատել եմ, գիտեմ դա ինչ է: Բայց այդքանով հանդերձ, հիմա մի կարեւոր բան էլ պետք է ասեմ: Հայաստանի Հանրապետության այն կառավա-րությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժա-րական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատա-վարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա: Մյուս կողմից, կարելի է մտածել` բա վերը բերված արգումենտնե՞րը: Այո, այդ արգումենտներով հանդերձ: Որովհետեւ մեր կառավարությունն արդեն բավականաչափ փորձ ունի: Եվ երբ ես ասում եմ, որ պաշտոնավարման ժամկետի միջինը 3 տարի` նախարարներից մեկի համար դա 6 տարի է, մեկի համար 2 տարի: Այսինքն, ընդհանրական առումով մեր կառավարությունը փորձ ունի, կարողություն ունի, եւ պետք է փոխել ոչ թե կառավարության անդամներին, այլ նրանց վերաբերմունքը նաեւ գործի նկատմամբ: Ասածս հետեւյալն է, որ փոփոխություններն առաջին հերթին պետք է լինեն մարդկանց գիտակցության մեջ: Եթե մենք կարողանանք այդ գիտակցության մեջ փոփոխություններ անել` ձեզ համար ի՞նչ տարբերություն կառավարության անդամն ո՞վ է: Եթե ձեր թոշակները ժամանակին վճարում են, եթե ձեր թոշակները պարբերաբար ավելանում են, ձեր կենցաղը կամաց-կամաց բարելավվում է, ձեզ համար ի՞նչ տարբերություն ո՞վ է սոցիալական ապահովության նախարարը: Այ, եթե այստեղ լինի որեւէ խաթարում` արդեն ձեզ պետք է հետաքրքրի: Կարծում եմ, մոտեցումն այսպիսին պետք է լինի: Իհարկե, գոյություն ունեն բարոյական խնդիրներ, գոյություն ունեն հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, բայց ես ասում եմ ընդհանուր մոտեցումը:

Արտակ Ալեքսանյան, Արմնյուզ հ/ը – Պարո՛ն Նախագահ, իմ հարցը վերաբերում է այն դրվագին, որ քիչ առաջ Դուք ինքներդ ասացիք: Նախընտրական շրջանում սովորաբար կոռեկտ եղաք բոլոր թեկնածուների վերաբերյալ, բացի մեկ էպիզոդից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքի առիթով ասել եք, որ դա արկածախնդրություն է: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ եւ Ձեր կարծիքով, ինչո՞վ է վտանգավոր այս թեզը:

Սերժ Սարգսյան – Ինչո՞ւ միանգամից կտրուկ էր արձագանքը: Որովհետեւ դա նոր թեմա չի, եւ մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչեւ որոշում ընդունելը, մինչեւ խոսելը չեմ ասում, մինչեւ որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար եւ ո՞ւր է հասնելու: Ես ուզում եմ, Արտա՛կ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին եւ ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ եւ պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարեւոր հանգամանք կա: Այսինքն՝ որեւէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաեւ համանախագահներին: Առավել եւս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որեւէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տեւող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետեւ ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ եւ ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք եւ մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, եւ մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին եւ ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը – Պարո՛ն Նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկը կասկածի տակ չի դրել Հայաստանի եվրաինտեգրացման, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելը: Գոնե այս հարցում որոշակի կոնսեսուս կա: Ձեր առաջին այցերը ընտրվելուց հետո եղան, ինչպես եւ սպասվում էր, Մոսկվա եւ Բրյուսել: Ենթադրում եմ՝ Բրյուսելում քննարկել եք Հայաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու հեռանկարը եւ Մոսկվայում, իհարկե, նաեւ Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը միանալու հնարավոր հարցերը: Կուզենայի Ձեր շուրթերից լսել, արդյո՞ք այստեղ համատեղելի են այս երկու գործընթացները, եւ արդյո՞ք կարող ենք հուսալ, որ դեկտեմբերին Հայաստանը կդառնա Եվրամիության ասոցացված անդամ:

Սերժ Սարգսան – Նախ, ես պետք է կրկնեմ, որ իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Օրինաչափ է, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առեւտրա¬շրջա-նառությունը գերազանցում է ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է եւ՛ գազին, եւ՛ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: Իհարկե, հարցը վերաբերում է նաեւ քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է եւ՛ ՀԱՊԿ-ին, եւ՛ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարեւորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տեւական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն: Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետեւ ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաեւ եվրոպական կառույցների հետ: Եվ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր: Գիտեք, ԵԺԿ կուսակցության գագաթնաժողովն էր: Բայց դա կուսակցական ժողով անվանելը մի քիչ հարաբերական է, որովհետեւ այնտեղ նստած էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, որոնց հիմնական մասը ներկայացնում են ԵԺԿ-ն: Եվ ինձ համար չափազանց հաճելի է, որ եւ՛ այնտեղ, եւ՛ ընդհանրապես ԵԺԿ ղեկավարի շնորհավորական ուղերձում Հայաստանը դիտարկվեց որպես մոդել, որպես օրինակ ուրիշների համար: Մենք սեւ-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ՛ Մաքսային միության, եւ՛ Եվրասիական միության, եւ՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ եւ իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը-Ասոցիացիայի գաղափարը մինչեւ դեկտեմբեր…

Սերժ Սարգսյան – Ասոցիացիայի գաղափարը հետեւյալն է՝ մենք արդեն ստորագրել ենք Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման պրոցեսների մասին պայմանագիր եւ եթե չեմ սխալվում, մինչեւ հունիսի 1-ը կոնկրետ ժամկետներ կան, Եվրամիության անդամ երկրները պետք է վավերացնեն այդ պայմանագիրն ու այն մտնելու է ուժի մեջ: Խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք եւ տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք եւ ստորագրենք: Եթե չեմ սխալվում, այս շաբաթվա ընթացքում Երեւան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտենք Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը: Այսինքն, դա էլ արդեն գրեթե պատրաստ կլինի: Ասեմ նաեւ ապրիլի հավանաբար առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակի սկզբներին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, եւ Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ձեռքերը շփելով սպասում են սեւ-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանին: Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Ախր, այդ խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չի ունենալու, այդ խնդիրն ունենալու է ամբողջ հայ ժողովուրդը: Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաեւ թանկանալ, կարող է եւ չթանկանալ: Բայց որ թանկանա, իրենց համար լա՞վ է լինելու: Մի օրինակ էլ կարող եմ Եվրամիությունից բերել, բայց չեմ ուզում ծանրանալ սրա վրա: Մարդիկ շատ դեպքերում ղեկավարվում են չարությամբ: Սակայն իրականությունն է վկա՝ չար մարդիկ երբեք լուրջ հաջողությունների չեն հասնում: Նրանք կարող են կարճաժամկետ ընթացքում իրոք մեծ հաջողությունների հասնել, բայց երկարաժամկետ հատվածում նրանք չեն կարող հաջողություն ունենալ:

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա – Հայաստանի խորհրդարայնացման հետեւանքների մասին կարելի է մեծ դիսկուրս անցկացնել, բայց, թերեւս, տեղին չէ: Քիչ առաջ խոսեցիք կառավարության գործունեության մասին: Մի քանի ամիս առաջ շատ մեծ արձագանք ստացավ այդ հայտնի «ատկատների» շուրջ Ձեր ելույթը եւ իրար հաջորդող մի քանի ելույթներ: Դրան հետեւեցին մի քանի ցուցադրական նիստեր՝ կառավարության, գործադիր մարմնի տարբեր կառույցների, բայց ամիսներ հետո, երբ ամփոփում ենք՝ գոմեշի մսի գործով գործն ամբողջությամբ մինչեւ վերջ բացահայտված չէ, մեկ-երկու հոգու հարց է, դեռ ավելին՝ բանտարկված մարդը նորից տենդեր է շահում: Դեղերի շուկայում, կարգավորման փոխարեն որոշ դեղերի գները բարձրացել են, պետգնումների համակարգում մեկ-երկու կադրային փոփոխություններից հետո, թեեւ շատ մեծ փոփոխությունների մասին էին ասում, ամեն ինչ, կարծեք, մնաց նույնը: Այդ ելույթներում Դուք մի քանի անգամ կրկնեցիք, որ պարբերաբար այդ հարցերին անդրադառնալու եք: Ի վերջո, մինչեւ ե՞րբ է շարունակվելու այդ աշխատաձեւը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ, ուղղակի մի քիչ գույները սեւացնում եք: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր երկրում փոփոխություններ չեն եղել: Եթե եղել են, ուրեմն որոշակի հանձնարարականներ կատարվել են, իսկ եթե չեն եղել, ես լավ չեմ հասկանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռուստաընկերություններից գոնե երկուսը ինչ ասես կարող են Հանրապետության նախագահի, վարչապետի, բոլորի հասցեին ասել, ազատության աստիճանն այնքան մեծ է, որ դա ամենաանվտանգ զբաղմունքն է դարձել: Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպես է ստացվում, որ Հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում եւ հարց է ուղղում Հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին: Ես կարող եմ նաեւ տասնյակ այլ բաներ ասել: Ասածս հետեւյալն է՝ մեր երկիրը փոփոխվում է, ով աչք ունի՝ կտեսնի: Ով աչք ունի եւ ցանկություն ունի՝ շատ կտեսնի: Իսկ ով չունի՝ առավոտից երեկո կարող է ասել, որ ոչինչ չի փոխվել: Կոնկրետ այդ խորհրդակցության հետ կապված՝ նախ պետք է տեղեկացնեմ, որ մեկ-երկու հոգու չեն հարցաքննել գոմեշի մսի պատմության հետ կապված, այլ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ: Ի գիտություն Ձեզ ասեմ, որ դա շատ դժվարին աշխատանք է, այդքան հեշտ չի, առավել եւս, որ գոմեշի մսի խնդիրը բարձրաձայնել է ձեր դիմաց նստած մարդը, այսինքն՝ ես, եւ ոչ թե ուրիշ որեւէ մեկը, եւ այդ գործն ունենալու է իր ավարտը՝ դատական ավարտը: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, բայց գոմեշի մսի պրոբլեմն այն պրոբլեմը չի, որ հեռուստաընկերությունները եւ մեր տպագիր, էլեկտրոնային մամուլը փորձում են շրջել եւ այլ տեսանկյունից ներկայացնել, իբրեւ թե՝ գոմեշի միսը օձի կամ թունավոր միս է: Հարցն այլ կերպ էր հնչել: Ես այլ կերպ եմ խնդրին մոտեցել: Հաջորդ՝ մեր խորհրդակցությունից հետո, որտեղ, ի դեպ, խոսակցությունը միայն «ատկատների» մասով չի գնացել, հսկայական աշխատանք է կատարվել: Հաստատվել է նոր կանոնակարգ: Այդ կանոնակարգը բարեփոխվել է, որպեսզի լինի ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի: Ես վստահ եմ, եթե Դուք հարց ուղղեք վարչապետին, վարչապետը մանրամասնորեն կասի: Ես չեմ ուզում այսօր այստեղ այդ մանրամասների վրա ժամանակ ծախսել: Եվ ի գիտություն Ձեզ՝ մեկ, երկու հոգի չեն փոխվել: Եվ ընդհանրապես այդ գործակալությունում կամ այդ գործով հազարավոր մարդիկ չեն զբաղվում: Երեք տասնյակ մարդիկ էին կազմակերպում այդ հարթակի աշխատանքները եւ հիմա էլ են այդքան մարդիկ կազմակերպում եւ դրանց առնվազն 1/3-ը փոխվել է: Հիմա ի՞նչ խնդիր կա: Որպես նախնական արդյունք, մենք, օրինակ, Պաշտպանության նախարարության 24 մլրդ մրցույթներում ունեցել ենք 2,5 մլրդ-ի տնտեսում: Առողջապահության ոլորտում անցկացված, եթե չեմ սխալվում 1,4 մլրդ-ի մրցույթի գործընթացում ունեցել ենք 240 մլն-ից ավելի տնտեսում եւ այդպես շարունակ: Ի գիտություն Ձեզ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է մոտավորապես 350 մլրդ դրամ պետական գնումների համար: Ես ձեզ վստահեցնում եմ` առանց շատ լուրջ ջանքեր գործադրելու, ի նկատի ունեմ՝ ձեզ համար տեսանելի ջանքեր, մենք տարվա վերջին ունենալու ենք 35-40 մլրդ դրամ տնտեսում: Դա արդյունք է, թե՞ արդյունք չի: Թե՞, ուղղակի, մենք ասում ենք, օդը տատանվում է, մարդիկ մի քիչ վախենում են, հետո գնում ենք: Այդպես չի: Բայց նաեւ խորապես համոզված եմ, որ իմ ոչ բոլոր ցուցումներն են կատարվում եւ ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում: Իհարկե, այդպես պետք է լինի: Եթե ես միջին չափի, փոքր, փոքր խնդիրներ դնեմ, բոլորն էլ կլուծեն: Հանրապետության նախագահը նրա համար է, որպեսզի այնպիսի մի նշաձող սահմանի, որ դրան հասնելն ու անցնելը շատ դժվար լինի: Սա էլեմենտար քաղաքականություն է, սա էլեմենտար կառավարման տեխնոլոգիա է: Ու շատ-շատերն օգտվում են եւ սկսում են ամեն ինչ սեւացնել: Դա է աշխատանքի ձեւը, եւ այդ ձեւն էլ շարունակվելու է: Իհարկե, կատարողական կարգապահությունն ավելի ուժեղանալու է: Ես կարծում եմ, որ ընդհանրապես իմաստ ունի 2013թ. արդյունքներով դուք, որպես հեռուստաընկերություն, ուսումնասիրեք, այնուհետեւ, եթե հարցեր կունենաք, մենք կզրուցենք: Ինչ վերաբերում է դեղերի էժանանալուն: Ես այդպիսի բան կառավարության նիստում չեմ հայտարարել: Ես դրա մասին ասել եմ քարոզարշավի ընթացքում, նշել եմ կոնկրետ ժամկետներ, ցավոք սրտի, Դուք տեղյակ չեք դրանից, որովհետեւ ձեր եթերում ես չեմ տեսել, չեմ լսել: Այդ որոշակի ժամկետներում ես ձեզ խոստանում եմ, որ այդ սոցիալական փաթեթն անպայման լինելու է: Իսկ ինչ վերաբերում է գնաճին, ես ասացի իմ խոսքի սկզբում եւ հիմա էլ ձեզ համար ուզում եմ կրկնել՝ մեր երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: Բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում: Հիմա ստույգ ամեն ինչը կճշտեն, եւ կլինի պաշտոնական հաղորդագրություն: Ասածս չի նշանակում, որ բացառված է դեղատեսակներից որոշները թանկացած լինեն: Հնարավոր է: Բայց եթե ուշադիր լինեիք, որոշներն էլ էժանացել են: Ես դա անձամբ գիտեմ: Ասածս չի նշանակում, որ մեր երկրում ապրանքներն էժանանում են: Դա շատ դժվար գործընթաց է եւ աշխարհում ընդհանրապես քիչ ընդունված: Հիմա այստեղ դրա մասին չխոսենք: Ասածս հետեւյալն է, Գեղա՛մ ջան, իրոք, որոշակի փոփոխություններ եղել են` ոչ այնքան արագ եւ ոչ այն չափերով, որ առաջին հերթին ես եմ ցանկանում, բայց, իրոք, մենք նաեւ դրականը պետք է տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետեւ Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետեւանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ո՞ւր են գնում եւ համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է Ռուսաստան, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար Ռուսաստանում արդարությունն ամենահասանելին չի, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան Ռուսաստանում: Եթե պատճառը դա է, ապա ինչո՞ւ են գնում Ռուսաստան: Իսկ այն մարդիկ, ովքեր 16 ժամ աշխատում են, եթե Հայաստանում 16 ժամ աշխատեն, չե՞ն կարող իրենց ընտանիքները պահել: Կարող է մի փոքր քիչ ստանան, ինչին ես կասկածում եմ, բայց հնարավորություն կունենան իրենց ընտանիքները պահելու: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են: Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետեւից եւ ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է: Ափսոս է մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, ով առավոտից երեկո բախտի հետեւից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին: Օգնեք խնդրում եմ, բոլորիդ է վերաբերում, փոխենք այս մթնոլորտը: Ես իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները հոգատար վերաբերմունք ցուցաբերեն եւ ոչ թե հոգատարություն խաղան: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բայց օգնեք բացահայտենք կաշառակերներին: Որոշ լրատվամիջոցներ օրինակներ են բերում 2000 դրամ, 3000 դրամ: Եղբա՛յր, դա՞ է մեր երկրում ամենամեծ կաշառակերությունը: Դա՞ է մեր պրոբլեմը: Գիտե՞ք, մարդիկ, օրինակ 10 մարդ, որ կգան ցուցմունք կտան դատարանում կաշառակերության մասին: Գիտե՞ք: Ում ասում ես, ականջիդ ասում է, բայց հետո հրաժարվում է հրապարակավ ասել: Եթե չկա քաղաքացիների ակտիվությունը, ինչպե՞ս վարվեմ: Եթե չկա ձեր օժանդակությունը, միայն խոսում եք, կոնկրետ չեք օգնում, ինչպե՞ս դա անեմ: Անելու եմ, բայց եթե օգնեք, ավելի արագ մեր գործը կստացվի: