Ներկայացնում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը մի շարք հայաստանյան լրատվամիջոցներին:
Քրիստինե Սուքիասյան, Կենտրոն հ/ը – Պարո՛ն Նախագահ, առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցության մասին, այդ թվում՝ առաջ քաշելով նաեւ իրենց թեկնածուներին: Ինչպիսի՞ համագործակցության եզր եք տեսնում այլ քաղաքական ուժերի հետ ու նաեւ մրցակցային ի՞նչ մթնոլորտ է ապահովվելու՝ հաշվի առնելով այն, որ գործող քաղաքապետը Հանրապետական կուսակցության անդամ է:
Սերժ Սարգսյան – Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ կոնկրետ ընտրական գործընթացում: Ընդհանրապես, պատրաստ ենք համագործակցելու, բայց այս գործընթացում պատրաստ ենք շատ սերտ համագործակցելու: Այստեղ ուզում եմ մի թեմայի անդրադառնալ, որ ինձ շատ է մտահոգում: Ես հասկանում եմ Ձեզ էլ է հետաքրքրում, դրա համար էլ այդ հարցը տվեցիք: Ի՞նչ է նշանակում ընտրական պրոցես. նշանակում է ընտրողների, քաղաքացիների մասնակցություն: Ընտրական պրոցեսին մասնակցում են պետական մարմիններ, պետական օղակներ, մասնակցում են նաեւ քաղաքական ուժեր: Վերջինները մասնակցում են իրենց կուսակցականների միջոցով եւ դա անում են հանձնաժողովներին անդամներ տրամադրելով եւ վստահված անձանց ձեւով: Համաձա՞յն եք ինձ հետ: Ուրեմն, կուսակցությունը ընտրությունների որակի մասին ինֆորմացիան առաջին հերթին ումի՞ց պետք է ստանա: Պետք է ստանա իր կուսակցականներից, ում ուղարկել է այդ հանձնաժողով: Ի՞նչ պատկեր ունենք հիմա: Նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը եւ ընդդիմադիր երեք կուսակցություններ ունեին, այսպես ասենք, 7000-ի մոտ ներկայացուցիչներ: Մենք ունեինք 1988 ընտրական տեղամաս: 1988 ընտրական տեղամասի նախագահների եւ քարտուղարների կեսը «Ժառանգություն» եւ գումարած երեք ընդդիմադիր կուսակցություններն էին: Այսինքն, ունենալով հանձնաժողովներում ղեկավարության ուղիղ կեսը, ունենալով հազարավոր ներկայացուցիչներ այդ հանձնաժողովներում՝ ընդամենը մեկ հոգի է դիմել վերահաշվարկի պահանջով: Իսկ ընտրական տեղամասերում աշխատել են Հայաստանի Հանրապետության 15000 քաղաքացիներ, հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն եւ գումարած այս չորս կուսակցությունները: Ընտրական տեղամասերում աշխատել են զանգվածային լրատվամիջոցների գրեթե 2000 ներկայացուցիչներ: Ընտրական տեղամասերում աշխատել են միջազգային 640 դիտորդ եւ 6000-ին մոտ տեղական դիտորդ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրական տեղամասում կարող էր աշխատել 2-3 մարդ եւ աշխատել է: Եվ այդ պարագայում, երբ կուսակցությունները վարկաբեկող հայտարարություններ են անում ընտրությունների մասին, ես չեմ կարծում, որ դրանով իրենք բարձրացնում են իրենց կուսակցությունների հեղինակությունը: Լավ, կուսակցության 3000 անդամ աշխատել է այդ հանձնաժողովներում, ի՞նչ է՝ այդ 3000 անդամները կամազուրկ մարդի՞կ են: Այդ 3000-ը կաշառակե՞ր են: Այդ 3000-ը անբա՞ն են, թե կապ չկա կուսակցության ղեկավարության եւ կուսակցականների միջեւ, գուցե ա՞յլ հանգամանքներ: Դե, եթե այդպիսի իրավիճակ է, եթե Նախագահի թեկնածուներից մեկ ուրիշը հաղթեր, այդպիսի կուսակցականներով, այդպիսի մարդկանցով ինչպե՞ս էր կառավարելու Հայաստանը: Եթե մարդը չունի 10, 15, 20 վստահված անձ, ով կարող է գոնե 20 տեղամասում կանգնել, կրծքով փակել յուրաքանչյուր ընտրախախտի ճանապարհը… Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետեւ ես վստահ եմ, որ եթե Երեւանի ավագանու ընտրությունները լինեն, ներողություն օտարալեզու բառիս համար, նույնիսկ ստերիլ, ապա միեւնույն է, հավատացեք, որ գտնվելու են քաղաքական ուժեր, ովքեր վարկաբեկելու են այդ ընտրությունները: Իմ մտադրությունը, իմ ցանկությունն այնպիսին է, որ Երեւանի ընտրություններն իրենց թափանցիկությամբ, արդարությամբ, որակով գերազանցեն նախագահական ընտրություններին: Եվ կարծում եմ, որ այդպես էլ լինելու է: Ես կարծում եմ, որ առաջադրելով յուրաքանչյուրս մեր թեկնածուներին, չի նշանակում, որ անպայման պետք է թշնամություն անենք, չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու: Մենք՝ որպես Հանրապետական կուսակցություն, մեր որոշումն արդեն կայացրել ենք: Մեր ցուցակն ամբողջովին պատրաստ է: Մեր ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որեւէ քայլ նրա կողմից չեմ տեսել: Որեւէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում: Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից եւ որեւէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երեւանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Եվ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռեւս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երեւանի քաղաքապետը: Այսինքն, երեւանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը: Առավելությո՞ւն է դա մեզ համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Եվ այսպիսի բազմաթիվ առավելություններ մենք ունենք: Դրա համար էլ ես վստահ եմ, որ Երեւանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին: Դեռեւս չի սկսվել ընտրապայքարը, դրա համար էլ ես հանգիստ կարող եմ սա ասել: Կարծում եմ մենք լավ ընտրություններ ենք ունենալու:
Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ – Պարո՛ն Նախագահ, պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը եւ քաղաքականությունը բաժանելու մասին եւ նաեւ Դուք եք խոսել այդ մասին, նաեւ խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան: Ի՞նչն էր խանգարում Ձեզ Ձեր կուսակցության մասով հորդորել Հանրապետական օլիգարխներին՝ չմտնել խորհրդարան եւ ի՞նչ է խանգարում հիմա, որ Դուք դա անեք, հորդորեք, խնդրեք, որ նրանք դուրս գան խորհրդարանից եւ հնարավորություն տալ, որ խորհրդարանում աշխատեն ավելի կրթված, ավելի զարգացած մարդիկ, որովհետեւ նրանց կրթական ցածր մակարդակը եւ նրանց ներկայությունը խորհրդարանում զայրացնում է մարդկանց:
Սերժ Սարգսյան- Նախ պետք է ասեմ` ինձ համար տարօրինակ է, երբ ինձ այդպիսի հարց եք տալիս: Որովհետեւ Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց` Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, եւ դա մեր դիրքորոշումն է: Այսինքն` կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում՝ խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Այո, ես դրա մասին ասել եմ եւ իրագործել եմ ասածս: Ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական որեւէ գործարար չի գալու: Գործարար ասածը ոչ թե իրականության մեջ, այսինքն՝ այդպես ընկալվող, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն, բայց իրականության մեջ, այո, զբաղվող: Ես այդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչու չէի կարող ասել, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն` ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դա ծայրահեղ անհրաժեշտությունը չի, այլ այնպես, ինչպես հիմա ասացիր` խնդրանքով, հորդորով: Բայց խնդրել, հորդորել չես կարող բոլորին կամ բոլորի առջեւ փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածն արել ենք: Մնացած քաղաքական ուժերն էլ թող գան, հասնեն մեզ, եւ այս պարագայում կարծում եմ, որ խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի, ինչպես ասացիր քո խոսքում: Թեեւ, նորից եմ կրկնում, ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք: Բայց մենք նաեւ մեկ այլ խնդիր էլ ենք լուծել եւ շարունակելու ենք լուծել: Մենք, այստեղ արժե անգամով էլ ասել՝ 4,5 անգամ ավելացրել ենք Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կանանց թիվը խորհրդարանում: Մենք մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք անկուսակցականների, մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ նպատակը հենց դա էր, որպեսզի խորհրդարանը լինի հասարակության արտապատկերը: Այդպես պետք է լինի: Եթե բոլորը մտածում են, որ խորհրդարանում պետք է հավաքվեն ամենախելացի մարդիկ, մեր հանրապետության բոլոր ամենալավ մարդիկ, միգուցե ես սխալվում եմ, բայց ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ, իրոք, խորհրդարանը պետք է լինի հասարակության արտապատկերը: Իհարկե, անպայման պետք է խորհրդարանը քայլ առաջ լինի բոլոր պրոցեսներից, նաեւ իր կարողություններով, բայց եթե այնտեղ հավաքենք միայն գիտնականների, այդպիսի խորհրդարանը չի կարող իր դերը կատարել: Խորհրդարանականների գործը միայն օրենք ընդունելը չէ: Խորհրդարանի դերակատարությունը շատ ավելի բարձր է: Օրինակ, իմ կարծիքով, հասարակական համերաշխության ձեւավորման գործում խորհրդարանն ուղղակի անգնահատելի դերակատարություն պետք է ունենա: Ցավոք, մեր իրականության մեջ հակառակն է: Որովհետեւ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր քիչ են ներկայացված խորհրդարանում, համարում են, որ ընտրությունները կեղծվել են, որ իրենց խաբել են, որ իրենք անմասն են մնացել: Այդ չարությամբ գնում են խորհրդարան եւ իրենց խնդիրն են համարում առավոտից երեկո միայն չարախոսելը: Գիտեք, պետք է անդրադառնամ այդ թեմային. իրոք, մեր երկրում, ցավոք սրտի, չարախոսությունը փոխարինել է առողջ քննադատությանը: Մեր երկրում բարությունը չի գնահատվում, հասկանո՞ւմ եք: Ձեւական բարեգործությունը դարձյալ փոխարինել է բարիությանը եւ բարեգործությանը: Նորից եմ կրկնում՝ իհարկե, այդ գործերի համար թիվ մեկ պատասխանատուն ես եմ, ամենամեծ պատասխանատուն իշխանությունն է, բայց միա՞յն իշխանությունն է, այլ քաղաքական ուժեր այստեղ առնչություն չունե՞ն, լրատվամիջոցներն այստեղ որեւէ մասնակցություն չպե՞տք է ունենան: Ընդհանրապես, քաղաքացիական հասարակությունը որեւէ մասնակ-ցություն չպե՞տք է ունենա: Ես կարող եմ թվարկել մարդկանց, ովքեր 10 տարվա ընթացքում մի դրական բան չեն տեսել այս երկրում, գոնե մեկ դրական բան: Կարող եմ լրատվամիջոցներ թվարկել, որոնք եւս մեկ դրական բան չեն տեսել: Կոչ չեմ անում իրենց չհայհոյել ինձ, իմ թիմակիցներին, ուրիշներին, իմ եղբայրներին, իմ երեխաներին: Եթե ես ստանձնել եմ Հանրապետության նախագահի պաշտոնը` պարտավոր եմ կուլ տալ ցանկացած դառը բան: Բայց բոլոր չեն չէ՞ ստանձնել Հանրապետության նախագահի պաշտոնը: Ինչո՞ւ մարդը, ով չի ուզում դասադուլի գնալ, չի ուզում դասադուլ անել, պետք է ծաղրանքի ենթարկվի: Եվ իրենց անաչառ համարող մարդիկ լռեն, ինչո՞ւ ոչ ուսանողը պետք է գա ուսանողին պարտադրի դասադուլ անել: Բա դա միայն ի՞մ գործն է: Ինչո՞ւ պետք է ուրիշները շանտաժի միջոցներ կիրառեն ու դրանում մեղադրեն պետությանը, ինչու: Բոլորս միասին չէ՞ պետք է այդ գործն անենք: Սա միայն իշխանության երկիրը չէ, միայն իմ երկիրը չէ` բոլորիս երկիրն է: Ինչո՞ւ 20 մարդ չի գնում այնտեղ եւ ասի` ինչու եք այստեղ նստել, ա՛յ ոչ ուսանողներ, ինչո՞ւ եք եկել Երեւանի պետական համալսարանում ստիպում եք այս մարդկանց դասադուլ անել: Որովհետեւ դուք ժամանակին մինչեւ վերջ չե՞ք սովորել այստեղ, վիրավորվա՞ծ եք այս բուհից, թե՞ ձեզ խնդրել են, որ այդպես անեք կամ վճարել են, որ այդպես անեք: Ախր, պետք է հասարակությունը ակտիվ լինի: Չի կարող այլ կերպ լինել: Եվ ամբողջ մեղքը դնենք պատգամավորների վրա՞ ու ասենք, որ եթե այսպիսի պատգամավորներ չլինեին մեր երկիրը միանգամից դրախտի կնմանվեր: Իրականությանը չի համապատասխանում: Ես գիտեմ բազմաթիվ հարուստ մարդկանց, ում միտքը պայծառ է, ովքեր ազնիվ մղումներ ունեն: Ես հարուստների պաշտպանը չեմ, ես չեմ ասում` բոլոր հարուստները լավ մարդիկ են, բայց չի կարելի ասել, եթե դու հարուստ ես, ուրեմն օլիգարխ ես, չի կարելի ասել եթե դու հարուստ ես, դու վատ մարդ ես, եթե դու հարուստ ես, դու իրավունք չունես պատգամավոր լինելու: Ինչ է ստացվում` մենք 70 տարի խոսել ենք, որ հարուստ լինելն ընդհանրապես վատ բան է, հետո մի 15-16 տարի խոսել ենք, որ, ախր, հարուստ լինելը լավ բան է: Հիմա էլ նորից վերադառնանք, ասենք, որ հարուստ լինելը վատ բան է: Ուղղակի, իմ կարծիքով, պետք է ասենք, որ հարստություն դիզելու ճանապարհը պետք է ազնիվ լինի: Եվ ոչ թե այդ կարգավիճակը համարենք վատ բան: Ասածս հետեւյալն է` ես ինչ խոստացել եմ` կատարել եմ: Ապագայում մենք ավելի ենք բյուրեղանալու: Ապագայում, նորից եմ ասում, գոնե խորհրդա-րանում մենք չենք ունենալու մարդ, ում ժողովուրդը կամ լրատվամիջոցները, նույնիսկ եթե իրականության մեջ նրանք այդպիսին չեն, անվանում է օլիգարխ: Չենք ունենալու: Բայց միանգամից վերցնել, կտրել`կարող է խնդիրներ ունենանք: Ես կարծում եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանում եղել են ղեկավարներ, ովքեր փորձել են կտրուկ փոփոխություններ անել, դրանից միգուցե ժողովրդի մի հատվածը կարճաժամկետ ընթացքում շահել է, բայց շատ բան են կորցրել: Ես չեմ ուզում մեր եղածը կորցնենք, ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն` նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց: Ով չի հասկանում, որ Հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է: Ով չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել: Բայց չեմ ուզում դա անել, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա: Ճիշտ ճանապարհը սա է, սա իմ գործելաոճն է: Եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները ուզում էին մարդու, ով թուրը վերցրած առավոտյան գործի կգար Բաղրամյան փողոցում արդեն մի քանի մարդու գլուխ թռցնելուց հետո, թող այդպիսի մարդու ընտրեին, գտնեին` ընտրեին: Ես կտրուկ բաների չեմ գնալու, որովհետեւ դրանք հղի են վտանգներով: Ես շտապելու եմ դանդաղ:
Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ - Կներեք, խոսքը, կոնֆլիկտների, բախման մասին է: Շահերի բախման մասին, այսինքն՝ ոչ թե հարուստ մարդը, այլ բիզնեսմենը: Եթե ես օղու բիզնեսմեն եմ, ես ընդունելով օրենքներ օղու մասին՝ դրա մասին չեմ մոռանա:
Սերժ Սարգսյան- Համաձայն եմ, բայց չի կարող խորհրդարանի 131 պատգամավորներից 66-ը ունենալ օղու բիզնես: Հիմա կասեք` մեկն էլ մեկ ուրիշ բիզնես ունի, ընդհանուր շահերով կմիավորվեն: Դրա համար գոյություն ունի կուսակցություն, դրա համար գոյություն ունի քաղաքական ղեկավարություն, դրա համար գոյություն ունի կառավարություն, որպեսզի այդ խնդիրները հենց այդպես չլուծվեն: Միգուցե ես իրավունք չունեմ այդպես ասելու, որ խորհրդարանում օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան, ոչ` ես ասում եմ, որ խորհրդարանում մարդկանց պատկերացմամբ օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան: Նրանք չեն կարող եղանակ ստեղծել, չեն կարող: Նրանք, միգուցե, ավելի շատ իրենց պաշտոնը փորձում են օգտագործել այլ մարմինների հետ իրենց հարաբերություններում, միգուցե, այդ պաշտոնը նրանք փորձում են օգտագործել իրենց ունեցածի ապագան ավելի անվտանգ դարձնելու: Այսինքն, այստեղից եզրակացությունը ո՞րն է. եթե մենք կարողանանք նաեւ արագ տեմպերով կատարելագործել մեր վերահսկող, ֆիսկալ մարմինների աշխատանքը, եթե մենք կարողանանք մեր մարդկանց գիտակցության մեջ մտցնել, որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է Հայաստանում, ինքնըստինքյան այդ մարդիկ խորհրդարանից դուրս են գալու, որովհետեւ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա: Սա է զարգացման տեսլականը: Այլ ոչ թե կանչես, ասես` Պողո՛ս Պողոսյան, դու իրավունք չունես պատգամավոր դառնալու, գնա: Պողո՛ս Պետրոսյան, դու էլ չունես, դու սա ես, դու նա ես… Այդ դեպքում մենք ինչո՞վ ենք տարբերվելու բոլշեւիկներից, որ կանչում էին 37 թվականին եւ ասում, որ դու վատ երաժշտություն ես գրել, հակասովետական երաժշտություն ես գրել: Հետո՞: Մենք անպայման պետք է մեզ վրա վերցնենք դատավորի ֆունկցիանե՞րը: Դրանից հասարակությունն ավելի համերա՞շխ է դառնալու: Լավ, վերցրինք եւ ուժով 10 հոգու վտարեցինք: Կարող է 1000, 5000 հոգի ծափ տան, հասարակությունը ավելի համերա՞շխ է դառնալու: Բայց մեր նպատակը, թիվ մեկ նպատակը պետք է լինի հասարակության համերաշխությունը, չէ՞: Ես այդպես եմ կարծում: Ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այս հասարակությունը լինի համերաշխ:
Գագիկ Մկրտչյան, «Հայոց աշխարհ» թերթ - Կցանկանայի անդրադառնալ դանդաղ շտապելու մասին Ձեր արտահայտությանը: Տեսեք, այսօր լրացավ նախագահական ընտրություններից հետո մեկ ամիսը, բավականաչափ բարդ ամիս, հագեցած ամիս, բայց համաձայնեք, որ սովորական քաղաքացուն, սովորական մարդուն ավելի շատ հետաքրքրում են իր ընտանիքի խնդիրները, իր օրվա հացը հայթայթելը եւ այլն: Նախընտրական փուլում բավականաչափ հետաքրքիր, հավակնոտ ծրագրեր ներկայացվեցին, Ձեր գնահատմամբ, ե՞րբ կարող է քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական տեղաշարժերը, առաջին տեղաշարժերը, թեկուզ փոքր քայլերը, բայց ե՞րբ կարող է զգալ:
Սերժ Սարգսյան – Գագի՛կ, ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասելու է, վատ առումով չեմ ասում: Ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռեւս շատ տեւական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով միայն ավելանալու է, շատ է ավելանալու, ավելանալու է պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը, պրոբլեմների վերացման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Մենք պիտի նայենք, թե մնացած ժողովուրդներն ի՞նչ ճանապարհ են անցել: Ես չեմ ասում, որ մեզ մի երկու հարյուր տարի է պետք, որ հասնենք ժողովրդավարության, բայց ասում եմ՝ ետ նայենք, տեսնենք Ֆրանսիայի պես երկրում օրինակ Սարկոզիին 27 տոկոս ձայն են տվել: Դա ի՞նչ է նշանակում: Որ գոնե քվեարկողների 73 տոկոսը դժգոհ է եղել, չէ՞ այդ մարդու աշխատանքից, թե՞ այնտեղ էլ են ուրիշ խնդիրներ եղել: Կարծում եմ, որ գոնե մեր քաղաքացիները Ֆրանսիայի վրա չեն կասկածում: Այդպես է, թե՞ այդպես չէ: Այսինքն, իշխանավորը, առաջին հերթին, Հանրապետության նախագահը երբեք չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը քչանալու է: Սա չի նշանակում, որ մենք առաջնային չպետք է համարենք աղքատության վերացումը, սոցիալական խնդիրները: Իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, այդ ոլորտում աղքատության կրճատումը: Իհարկե դա մենք պիտի անենք, բայց այդ զգալը մի քիչ հարաբերական է: Հարաբերական է, որովհետեւ վիճակը լավանալուն զուգահեռ ավելանում են պահանջները: Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետեւյալ կերպ՝ գնաճը ավելի՞ բարձր է, քան աշխատավարձի աճը, թե՞ հակառակը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, եւ միջին աշխատավարձը որքա՞ն է: Սրանք մի քանի չափանիշներ են: Եթե սա նկատի ունես, ապա ասեմ, որ որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը: Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, թեեւ, կոպիտ ասած, բոլոր խոստումները ժողովրդին կաշառքի ձեւ են, բայց լավ առումով: Ասվածը չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք: Ծրագրերից մեկի մասին ես ասացի ընդհանուր գծերով՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Բայց պարզ է, որ մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Բայց ի տարբերություն ուրիշների, մենք պարտավոր ենք մանրամասն հաշվարկներ կատարել, նոր միայն խնդրին մոտենալ: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաեւ թոշակների բարձրացման խնդիրը: Հիմա կարող է շատերն ասեն՝ այս ի՞նչ տարօրինակ մարդիկ են, աշխատավարձ են բարձրացնելու, թոշակ են բարձրացնելու, բայց դրա մասին քարոզարշավի ժամանակ չեն հայտարարում: Այո, այդպես է, որովհետեւ այդ մասին մենք խոսել ենք դեռեւս տարվա սկզբին: Մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում եւ ամեն անգամ այնքան ես դրա մասին խոսում, կարծես թե գրպանիցդ ես այդ մարդկանց լավություն անում: Գործընթաց է, որ պիտի առաջ գնա: Երկրի զարգացում՝ նաեւ դա է նշանակում: Եվ, եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ, իհարկե, աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Այսինքն, մարդը գոնե նվազագույն հնարավորություն պետք է ունենա իր ընտանիքը սեփական աշխատանքով պահելու, իր ընտանիքի հոգսերը հոգալու: Այնպես, որ կարծում եմ, մարդկանց որոշ մասը անմկիջականորեն որոշակի դրական փոփոխություններ զգացել է, նորից եմ կրկնում՝ խոսքս բոլորին չի վերաբերում, եւ խոսքս նրա մասին չի, որ մեր բնակչության 1/3-ը աղքատ չի: Մենք առաջ ենք շարժվելու շատ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, որովհետեւ մենք կարողացել ենք արդեն ամբողջովին հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, թե ի՞նչ նշանակություն ունի ճգնաժամ կա, թե ոչ, թող այսօր դատեն Եվրոպայի տնտեսության աճի մասին, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին: Իհարկե, ունի նշանակություն: Ո՞նց կարող է չունենալ: Այսինքն, մեր տնտեսությունն էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դու՞րս է: Ավելի արագ տեմպով եւ ավելի շոշափելի:
Ֆլորա Նախշքարյան, «Գոլոս Արմենիի» թերթ - Աբխազական երկաթուղու մասին խոսակցությունները Նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպման արդյունքում ինչ-որ ազդակ ստացե՞լ է: Որքանո՞վ են դրանք իրատեսական եւ ե՞րբ այն կիրականանա:
Սերժ Սարգսյան- Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետեւյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք Նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաեւ Աբխազիայի նախագահի հետ եւ անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, եւ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարեւորագույն խնդիրը լուծվի: Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, եւ ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը եւ ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երեւան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, հարյուր իննսուն դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Պարո՛ն Նախագահ, ասացիք, որ չեք գնալու Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է...
Սերժ Սարգսյան - Եթե դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Իսկապես չգիտեմ՝ կգնայի, թե՞ ոչ: Բայց, իրոք, իր վիճակն այնպիսի է, որ կարծում եմ, կարելի էր այցելել որպես երկրորդ արդյունքը արձանագրած Նախագահի թեկնածու կամ կարելի էր գնալ եւ տեսնել, թե ինչպե՞ս է զգում իրեն:
Սերժ Սարգսյան- Բայց միայն տեսնելով չի, չէ՞: Ես տեսնելու խնդիր չունեմ: Եթե ամեն ինչ պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Քանի որ այդպես պնդում եք, ուղղակի, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան վերջերս արել եմ առաջարկություն՝ իր ասած թեմայով: Հիշո՞ւմ ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա, ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները կդնեմ թղթի վրա եւ կուղարկեմ նրան: Բայց, ինչպես միշտ, ես խոսքիս հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռեւս թուղթ չեմ ստացել: Ես նրանից միայն հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում՝ տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե որոշակի առաջարկություն հնչի, ես որոշակի պատասխաններ կտամ: Հասկանու՞մ եք, երկխոսությունը չի կարող միայնակ իրականացվել: Կան բաներ, որ մարդը միայնակ չի կարող անել: Չի կարելի միայնակ ամուսնանալ: Անհնար է: Չի կարելի միայնակ երկխոսել, դա մենախոսություն է: Չի կարելի միայնակ բանակցել, ինքդ քեզ հետ հո չե՞ս բանակցելու: Պետք է գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պետք է առաջարկություն լսես եւ ոչ թե ասես՝ եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Դե, ես էլ կարող եմ այլ ձեւակերպումներ հնչեցնել, բայց մենք, ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Պարո՛ն Նախագահ, իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:
Սերժ Սարգսյան - Ոչ, որեւէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել, ի՞նչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք, ասեք մի համապետական, մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած եւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:
Շավարշ Գեւորգյան, Հ2 հ/ը- Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:
Սերժ Սարգսյան- Այ, տեսնու՞մ ես, ես էլ մի քիչ մտածեցի եւ գտա, որ այո, մենք կարող էինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել եւ ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ խորհրդում կընդգրկեր Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն մշակի, այնուհետեւ այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն, լուրջ աշխատանք տանեն եւ դնենք հանրաքվեի, եւ եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք՝ ընդունում ենք սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչեւ այդ աշխատանքն անելը, յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնել եւ պահանջներ ներկայացնել, ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ: Այստեղ նորից ուզում եմ այդ խնդիրին անդրադառնալ՝ համամասնական, թե՞ մեծամասնական, խորհրդարա-նական, թե՞ նախագահական: Ի՞նչ ասեմ, ինչ ուզում եք:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Մարզպետների նշանակման հետ կապված փոփոխությունները:
Սերժ Սարգսյան – Այո, մարզպետները ընտրելու միջոցով, թե՞ նշանակելու եւ այլն եւ այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որոնք պետք է քննարկվեն, պետք է քննարկվեն ոչ միայն հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով: Օրինակ, ձեր կարծիքով, ինչու են ասում, որ պետք է մեծամասնականը վերացնել: Պարզ է, չէ՞, որ դա զուտ կուսակցական շահից է: Դրա մասին խոսում են այն կուսակցականները, որոնց անդամները չեն կարողանում մեծամասնականում հաղթել եւ տեւական ժամանակ երեւի չեն կարողանալու, որովհետեւ միայն անհատի մասին չէ խոսքը, այստեղ նաեւ կուսակցության հեղինակության մասին է խոսքը: Եթե կուսակցությունը 6 տոկոս, 7 տոկոս է ստանում, իր հեղինակությունը փրկելու համար երկու բան պետք է անի, ցավոք սրտի, վարկաբեկի ընտրությունները եւ խոսի միայն համամասնականի մասով: Հակառակ պարագայում, ո՞նց կարող են ընտրությունները լավը լինել ու հանկարծ այդ կուսակցությունը ստանա 6 տոկոս: Արդյո՞ք դա կուսակցությանը պատիվ է բերում: Նրանք թքած ունեն երկրի պատվի վրա, նրանք թքած ունեն, թե միջազգային հարթակներում մեր երկրին ինչ գնահատական կտան, միայն թե իրենց այդ կեղծ հեղինակությունը փրկեն: Այնպես, որ մենք պատրաստ ենք այդ ամբողջ քննարկմանը: Խնդրեմ: Բայց այս գլխից պայմաննե՞ր դնել, ինչի՞ համար:
Հրայր Թամրազյան, «Ազատություն» ռ/կ - Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք:
Սերժ Սարգսյան - Իհարկե: Ես հասկանում եմ հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում, թե ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասեմ միայն աթոռից չընկնեք: Ստացել եմ պատասխան` այ այսպիսի խաչի տեսքով: Էլ ի՞նչ պետք է ես անեի: Ասեք` էլ ի՞նչ: Րաֆֆին լիներ կասեր` եթե տղամարդ ես հրաժարական տուր: Արդյո՞ք, տղամարդկությունը դրանով է որոշվում: Եվ, իրոք, կարելի՞ է այդպիսի արտահայտություններ անել:
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ - Թղթի՞ վրա խաչ քաշած:
Սերժ Սարգսյան - Այո, փաստաթղթի: Հանրապետության նախագահի կողմից ուղարկված նույնիսկ ոչ պաշտոնական գրությունը` փաստաթուղթ է: Այ, սա է մեր իրականությունը եւ մարդկանց խոսելու եւ գործելու տարբերությունը:
Հանդիպման ավարտին Նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել նաեւ այլ թեմաների շուրջ՝ սպորտ, արտաքին քաղաքականությանը վերաբերող առանձին հարցեր եւ այլն: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց եւ հույս հայտնել, որ ապագայում եւս պարբերաբար նման հանդիպումների եւ հարցեր քննարկելու հնարավորություն կլինի:




























