Պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա հունվարին երկրում արձանագրվել է «սեփականության նկատմամբ հանցագործության» 286 դեպք, ինչը 63 դեպքով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը:

Եթե ընդհանուր թվից հանենք «Զվարթնոցում» իրավախախտումների 8 դեպքը, ապա հանցագործությունների թվի առումով «կայունություն» է նկատվում: Այս տարվա հունվարին, ինչպես եւ անցած տարվա հունվարին արձանագրվել է հանցագործությունների  860 դեպք:

Հանցագործությունների ընդհանուր թվում ավանդաբար բարձր է «սեփականության նկատմամբ հանցագործությունների մասը` 32,9%, հաջորդը` «անհատի նկատմամբ կատարված հանցագործություններն են»` 28,2%: Երրորդ տեղում` 15,6%-ով,  հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն են: Վերջինս վերաբերում է հիմնականում երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախատման դեպքերին:

Նշենք, որ անցած տարի արձանագրվել է  երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման  960 դեպք,  որից 183-ը` մահվան  ելքով: Ինչ վերաբերում է թմրանյութերի հետ կապված հանցագործություններին, ապա բացահայտվել է  1139 դեպք:

Նկատենք, որ ընթացիկ տարվա հունվարին կտրուկ նվազել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը` 24 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  51 –ի դիմաց:

Պաշտոնական վիճակագրությունը իրավախախտումների վերաբերյալ տվյալները ներկայացնում է  նաեւ մայրաքաղաքի եւ մարզերի կտրվածքով: Բացարձակ տվյալները, բնականաբար, ամբողջական պատկերացում չեն տալիս մարզերում հանցավորություն մակարդակի մասին: Ուստի հանցավորության թիվը դիտարկենք 10 հազ. բնակչի հաշվարկով:

Ինչպես բացարձակ նշանակությամբ, այնպես էլ 10 հազ. բնակչի հաշվարկով, հանցավորության  թվով առաջատարը մայրաքաղաքն է: Այսպես, եթե Երեւանին բաժին է ընկնում հանրապետության բնակչության թվի 35,1%-ը, ապա ընթացիկ տարվա հունվարի տվյալներով` հանցագործությունների թվի 51,4%-ը: 10 հազ. մարդու հաշվարկով մայրաքաղաքին բաժին է ընկել 4,1 հանցագործություն, այն դեպքում, երբ  միջին հանրապետական ցուցանիշը կազմում է 2,8 դեպք:

Գյուղական բնակավայրերում  գողության դեպքերն ավելի քիչ են, քան քաղաքներում: Համեմատելու համար նշենք, որ առավել ուրբանիզացված Լոռիի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում 10 հազ. բնակչի թվով հանցագործությունների ցուցանիշն ավելի բարձր է, քան  առավելապես գյուղական բնակավայրերից կազմված Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում, ինչն ակնհայտ է ստորեւ ներկայացված գծապատկերից:

Ալբերտ Խաչատրյան