Վանուատու կղզի -պետությունը հաստատել է Աբխազիայի անկախության ճանաչման հետկանչը` հայտարարելով, որ պատրաստվում է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանակցություններ սկսել, հաղորդում է «Կովկաս Online»-ը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Բաքու կատարած այցի ընթացքում: Նա ասել է, որ Վրաստանն ուսումնասիրում է հարցը, եւ հայտարարության բոլոր մանրամասներն իմանալուց հետո համապատասխան որոշում կկայացնի:
Փանջիկիձեն նշել է, որ եթե «Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելու հայտարարությունը պաշտոնապես հաստատվի Վանուատուի իշխանությունների կողմից, ապա Վրաստանը կողջունի նման քայլը եւ պատրաստակամություն կհայտնի դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Աբխազիայի արտգործնախարարությունը` նշելով, որ «ներկայումս Աբխազիայի ղեկավարության անունից ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ»:




























