Ռուս-չինական հարաբերությունները աշխարհում կարեւորագույն հարաբերություններից են եւ միջազգային ռազմավարական հավասարակշռության եւ խաղաղության կարեւոր երաշխիքն են հանդիսանում։ Այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ դասախոսություն կարդալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը  «միշտ պետք է լավ հարեւաններ եւ հուսալի գործընկերներ լինեն»։

«Ռուս-չինական բարձր մակարդակի ամուր կապերը ոչ միայն համահունչ են մեր շահերին, այլեւ հուսալի երաշխիք են միջազգային ռազմավարական հավասարակշռության եւ խաղաղության համար», - ՉԺՀ նախագահի խոսքն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Սի Ցզինպինը տեսակետ է հայտնել, որ այժմ «նպատակահարմար է խթանել համագործակցությունը հումքային հարթությունից ներդրումային, բարձրտեխնոլոգիական եւ ֆինանսական հարթություն տեղափոխելուն, նպաստել երկկողմ փոխգործակցությունը հասարակ առեւտրից համատեղ արտադրության վերածելու գործընթացին»։

Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը ՉԺՀ նախագահը նշել էր, որ Ռուսաստանն իր առաջին պաշտոնական այցի վայր է ընտրել երկու պետությունների փոխհարաբերությունների կարեւորությունն ընդգծելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, սա ՉԺՀ նոր առաջնորդի առաջին արտասահմանյան այցն է,  եւ դա, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի, խորհրդանշական ժեստ էր. Նա ոչ թե ԱՄՆ-ն է ընտրել, որի հետ  450 մլրդ դոլարի շրջանառություն ունի, այլ Ռուսաստանը, որի դեպքում շրջանառությունը տարեկան ընդամենը 90 մլրդ է։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառի մի շարք հարցեր: Առաջին հերթին խոսքը ռուսական ածխաջրածինները Չինաստան ներմուծելու մասին է: «Գազպրոմն» ու Չինաստանի գազի ազգային կորպորացիան պայմանավորվել են 30 տարով գազ ներմուծելու պայմանագիր կնքել` սկսած 2018 թվականից:

Ընդհանուր առմամբ` չինական պատվիրակության` Մոսկվա կատարած այցի ընթացքում ստորագրվել է ինը պայմանագիր` սկսած հանքափոր սարքերի արտադրությունից եւ ճագարաբուծության բնագավառում համագործակցությունից մինչեւ ածխահանքերի յուրացում եւ բանկային ասպարեզում համագործակցություն: Փատաթղթերից մեկը` չվող թռչունների վերաբերյալ միջկառավարական համաձայնությունը, հավաքվածների մոտ նույնիսկ ժպիտ է առաջացրել: