Սկանդալային ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին, ով շարունակում է իր պատիժը կրել Կամբոջայի բանտում՝ կամբոջացի նավաստիներին ծաղրելու համար, դիմել է երկրի վարչապետ Հու Սենին` խնդրելով միջամտել իր գործի քննությանը: Պոլոնսկիի բաց նամակը հրապարակվել է նրա բլոգում:

Ռուս գործարարն ասել է, որ Կամբոջայի դատական մարմինների դիրքրոշումը ներկա պահին չի կարելի համարել «ոչ առողջ, ոչ էլ պարկեշտ»:

«Խնդրում եմ Ձեզ միջամտել իրադրությանը եւ միջոցներ ձեռնարկել` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումները կանխելու համար»,- գրել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ Սերգեյ Պոլոնսկիին եւ նրա երկու ընկերներին` Կոնստանտին Բալգային ու Ալեքսանդր Կարաչինսկիին Կամբոջայի ոստիկանությունը կալանավորել է 2012 թվականի դեկտեմբերի 30-ին: Նրանք մեղադրվել են մի քանի կամբոջացի ծովայինների անօրինական կերպով ազատազրկման մեջ: Ավելի ուշ Կ. Բալգայն ու Ա. Կարաչինսկին ազատ են արձակվել, իսկ Պոլոնսկին շարունակում է հսկողության տակ մնալ, թեեւ նա նավաստիների հետ բոլոր հարցերը կարգավորել է դրամական միջոցներով: