Կիպրոսի խորհրդարանը մտադիր չէ հավաքվել մինչեւ 17 երկիր համախմբած եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպումը, որը կկայանա 2013 թվականի մարտի 24-ին: Այս մասին լրագրողներին հայտարարել է խորհրդարանի պատգամավորներից մեկը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ ներդրումների մի մասի առգրավման մասին օրինագիծը խորհրդարանում կընդգրկվի այս գիշեր: Որոշ տվյալներով` խոշոր դեպոզիտների համար առաջարկվել է մինչեւ 25% հարկ սահմանել, հաղորդել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Այս շաբաթ Կիպրոսի խորհրդարանը չեղյալ է հայտարարել նման միջոցը, սակայն այժմ իրադրությունը փոխվել է, հանրապետությանը չի հաջողվել գումար ստանալ Ռուսաստանից, իսկ եվրոպական վարկատուները պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն հատկացնել միայն այն դեպքում, եթե մինչեւ երկուշաբթի Կիպրոսը մոտ 6 միլիարդ եվրո հավաքի: