Միացյալ Թագավորության ոստիկանությունը մտածել է` ինչպես մխիթարել կողոպտվածներին. ստացած հարվածը մեղմելու համար նրանց ծաղկեփնջեր են նվիրել: Դրանք մասնավորապես տրվել են տուժածների ներողամտությունը հայցելու համար, քանի որ այդպիսի հանցագործությունների միայն 12% է բացահայտվում: Տուժածները հայտարարել են, որ ուրախությամբ կհրաժարվեին ծաղիկներից, միայն թե ոստիկանությունն ամբողջությամբ կենտրոնանա իր պարտականությունների կատարման վրա, հայտնում է  Pravda.ru: 

2012 թվականի նոյեմբերին միայն Լոնդոնից հյուսիս գտնվող Բարնեթ քաղաքում 300 ծաղկեփնջեր են բաժանվել: Տուժածներից 55-ամյա Սառա Միլլերից գողացել են երկու նոթբուք, լուսանկարչական ապարատ եւ այլ արժեքավոր իրեր: Հաջորդ առավոտյան Սառան բացիկ է ստացել, որտեղ իրավապահները նրանից ներողություն հայցելով` տեղեկացրել են, որ այդպիսի հանցագործությունը դժվար թե բացահայտվի: Իսկ մեկ օր անց Սառային 40 դոլար արժողությամբ ծաղկեփունջ են նվիրել, ինչպես նաեւ ծաղկի սրահից օգտվելու համար զեղչի քարտ: Սառան ծաղիկները «հիասքանչ է» համարել, սակայն հավելել է, որ ոստիկանությունը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի իր բուն գործի վրա:

Ավելացնենք, որ անցյալ տարի Լոնդոնում գրանցվել է տնային կողոպուտի ավելի քան 55 հազար դեպք եւ դրանցից բացահայտվել է ընդամենը 12,5 տոկոսը: