Ավելի քան երկշաբաթյա ընդմիջումից հետո ապրիլի 2-ին բացվել է կիպրոսյան բորսան: Առաջին րոպեներին ընդամենը մեկ՝ 0,16 եվրոյի գործարք է կատարվել: Այն վերաբերել է Hellenic Bank-ի բաժնետոմսերին, որոնք նվազել էին 4 տոկոսով:
Կիպրոսի բորսան փակվել էր բանկերի հետ մեկտեղ՝ կառավարության պնդմամբ, որը մարտի կեսերից մտադիր էր հարկման ենթարկել տեղի ֆինանսական հաստատություններում ներդրված բոլոր ավանդները: Գաղափարը, սակայն , մերժել էր խորհրդարանը: Սակայն Կիպրոսի իշխանություններն, այնուամենայնիվ, գտել են տեղի բանկերի հաշվետերերին հարկեր պարտադրելու միջոցը. Այժմ Bank of Cyprus-ում եւ Laiki Bank-ում նրանց ավանդները սառեցվել են: Սահմանափակումները վերաբերում են միայն 100 եվրոյից ավելի ավանդ ունեցողներին, հայտնում է Lenta.ru-ն:
Բորսայի աշխատանքում եւս սրբագրումներ են արվել: Bank of Cyprus-ի եւ Laiki Bank-ի բաժնետոմսերի առուվաճառքը, Reuters-ի հավաստմամբ, արգելված է հաջորդ առեւտրային օրերին՝ մինչեւ ապրիլի 15-ը: Բորսայում դա բացատրել են ֆինանսական կազմակերպությունների բաժնետերերի հանդեպ հոգածությամբ:
Բանկերը բացվել էին նախորդ շաբաթվա վերջին: Տեղական իշխանությունները կոշտ սահմանափակումներ էին մտցրել միջոցների տեղափոխման հարցում: Մասնավորապես, արգելվել էր բանկոմատներից օրական 300 եվրոյից ավելի գումար հանելը եւ երկրից հազար եվրոյից ավելի կանխիկ գումար տեղափոխելը:




























