Էստոնիայի պաշտպանական ռեսուրսների դեպարտամենտը առաջին հայտերն է ստացել վեց աղջիկներից, որոնք ցանկանում են բանակում ժամկետային ծառայություն անցնել՝ ապրիլի 1-ից ուժի մեջ մտած օրենքից հետո, որը կանանց նման հնարավորություն է ընձեռում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Postimees-ին:
18-27 տարեկան աղջիկներին բանակում ծառայել թույլատրող օրենքը երկրի խորհրդարանն ընդունել էր նախորդ տարվա հունիսին:
Դեպարտամենտի ներկայացուցիչ Մարկե Տեպորի խոսքով՝ առաջին օրը վեց դիմում է ստացվել 18-20 տարեկան աղջիկներից: Նրանցից մի քանիսը նախկինում էլ էին դիմել, սակայն այն ժամանակ օրենքը նման հնարավորություն չէր ընձեռում:
Այժմ աղջիկները պետք է բուժզննում անցնեն, որից հետո կսկսեն ծառայությունը: Պաշտպանության նախարարի որոշումն այս տարի թույլ է տալիս զինվորական ծառայության անցնել 16 աղջկա՝ վեցը հուլիսին (11 ամսով) եւ տասը հոկտեմբերին (ութ ամսով):
Բանակում կանանց սակավաթիվ լինելը պայմանավորված է բանակային ենթակառույցի հնարավորություններով՝ ռազմական զորամիավորումների առկայությամբ, որտեղ նրանց համար ստեղծվել են համապատասխան կենցաղային պայմաններ:




























