Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էն Քինը ապրիլի սկզբին հեղափոխական առաջարկություն է առաջ քաշել` 2030թ-ին վերացնել ծայրահեղ  սղքատությունն աշխարհում: Նպատակը կարծես հավակնոտ է, թեեւ դրան հասնելու բավականին ժամանակ կա:

Նշենք, որ ՀԲ-ն «բացարձակ աղքատություն» է համարում, երբ մարդուն օրական ընկնում է 1,25 դոլարից պակաս եկամուտ: Այսպես, տեղական արժույթով  դա կազմում է ամսական 15,7 հազար դրամ: Անցած տարվա IV եռամսյակի տվյալներով` սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է  մոտ 22,8 հազ. դրամ:  Հիշեցնենք, որ սա  «ծայրահեղ աղքատների»  որոշման ցուցանիշ է համարվում:

Ինչպես հայտնի է, «ծայրահեղ աղքատների» տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակում 2011 թ-ին կազմել է 3,7%, եւ 2008 թ. ցուցանիշի համեմատ աճել է  2,1 տոկոսային կետով: Նշենք, որ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն ընդհանուր առմամբ որոշում է ոչ թե բացարձակ, այլ հարաբերական աղքատությունը:

Այսինքն, չափորոշիչ է հանդես գալիս ոչ թե հստակ սահմանված մեծությունը (ինչպես, օրինակ, ՀԲ-ի նույն 1,25 դոլարը), այլ հարաբերականը: Տարբերությունը կայանում է նրանում, որ եթե  կատարվի սեփական եկամուտների արդյունավետ վերաբաշխում, ապա անգամ վերջինի ընդհանուր աճի պարագայում աղքատությունը, միեւնույն է, կմնա նախկին մակարդակի վրա:

ՀԲ-ի մեկնաբանությամբ դիտարկվող բացարձակ աղքատությունը, սկզբունքորեն, կարող է հաղթահարվել: Սակայն «հարաբերական աղքատությունը» մնում է, քանի որ սեփական եկամուտների  տարբերությունը միշտ  էլ գոյություն ունի քաղաքակրթության պատմության մեջ եւ կպահպանվի ապագայում: Հանրության մեջ սոցիալական շերտերի գոյությունն ինքնին բերում է հարաբերական աղքատության:

Մեզնում ամսական միջին անվանական աշխատավարձն անցած տարի կազմել է 300 դոլար, մինչդեռ, օրինակ, Գերմանիայում 3,9 հազ. դոլար է, ոչ այնքան «հարուստ» Իտալիայում`  3 հազ. դոլար: Չնայած այդ փաստին, «զամբյուղի» արժեքը  աշխատավարձի նկատմամբ կազմում է  ընդամենը 33%: Այսինքն, հարաբերակցությունը մեզանում կրկնակի անգամ ավելի վատ է, քան ԵՄ երկրներում: Իսկ «զամբյուղի» արժեքը զարգացած երկրների հետ ընդհանրապես չի կարող համեմատվել:

Հայաստանում աղքատության  խորության ցուցանիշը 2011 թ. եղել է 10, ինչը բավականին բարձր է` հաշվի առնելով այն, որ իդեալական պատկերի դեպքում այն զրոյի է հավասար:

ՀԲ-ն թե ինչպես պետք է արմատախիլ անի աղքատությունը մոլորակում, կարելի է միայն կռահել: Ամեն դեպքում  առանձին վերցված Հայաստանում նրա գործունեությունն այնքան էլ արդյունավետ չի ստացվել: Հիշենք, թե տարիներ առաջ մեր երկրում ինչպես էր «հաղթահարվում» աղքատությունը: Եկամուտների աննշան բարձրացումը շատ ցածր «զամբյուղի» համեմատ  անմիջապես հազարավոր տնային տնտեսությունների «աղքատից» դարձրեց «ոչ աղքատ», սակայն այդ ընտանիքները պարզպես աղքատույթան եզրագծին էին եւ առնձնապես ոչնչով չէին  տրաբերվում «աղքատներից»:  Տնտեսական ճգնաժամը ամեն ինչ «դրեց իր տեղը», եւ  երեք տարվա ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը մեծացավ 10%-ով: Այնպես որ այդ երեւույթի հաղթահարման «փայլուն» հաջողությունները, պարզվեց, պարզունակ հնարք է:

Ալբերտ Խաչատրյան