Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված, այնուհետեւ ազատ արձակված Արտակ Պետրոսյանը երեկ նորից ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջինս ձերբակալվել է մեկ այլ գործի շրջանակներում: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ վիճաբանություն էր եղել, այդ ժամանակ դեպքի վայրում էր նաեւ Արտակ Պետրոսյանը: Փաստի առթիվ նյութեր էին ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը: Ըստ այդ հոդվածի` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին ոստիկանությունից:
Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ վերացրել են քրեական գործ չհարուցելու մասին մերժումը եւ քրեական գործ են հարուցել ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Գիվի Հովհաննիսյանը համոզված է, որ իրավապահ մարմինները, չունենալով Պետրոսյան եղբայրներին ձերբակալելու որեւէ հիմք, ամեն կերպ փորձում են գյուղապետի սպանության գործը բարդել Պետրոսյան եղբայրների վրա: Եւ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին նրանց խառնելով փորձում են ցույց տալ, թե այդտեղից նրանց եւ գյուղապետի միջեւ թշնամություն է առաջացել, որի արդյունքում էլ սպանել են վերջինիս: «Փորձում են կարծիք ստեղծել, որ նրանց միջեւ թշնամություն է եղել, մինչդեռ իրականում ոչ մի հիմք չկա, որեւէ թշնամական հարաբերություններ նրանց մեջ չեն եղել»,- ասաց փաստաբանը:
Մեր տեղեկություններով` այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ պռոշյանցի մեկ այլ երիտասարդ` Արտյոմ անունով:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի` դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել: Փաստի առիվ նյութեր են ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը: Ըստ այդ հոդվածի`քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:




























