Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ոստիկանության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, ինչ աշխատաոճ են որդեգրում ոստիկանությունում եւ ինչ ձեւով են մատուցում այն ծառայությունները, որոնք ամրագրված են օրենքով: Եթե այդ ամենը գտնվում է պատշաճ մակարդակի վրա` ակնհայտ է, որ ոստիկանությունը նաեւ վայելում է հասարակության վստահությունը: Այդ տեսակետից, պետք է արձանագրենք, որ վերջին ժամանակահատվածում էական բարելավումներ ենք նկատում ոստիկանության աշխատելաոճի մեջ: Տեսնում ենք, որ ոստիկանությունն այսօր ՀՀ քաղաքացու կողքին է եւ իսկապես ծառայություն է մատուցում մեր քաղաքացուն: Արդյունքում՝ քաղաքացին իրեն զգում է ավելի պաշտպանված»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ քաղաքացին այսօր ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որն իր պարտականություններն իրականացնում է՝ նպատակ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց ապահով կզգան:
Վարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ դեռեւս կան անելիքներ, ինչը նշանակում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկաններին մտահոգող բոլոր խնդիրները, այդ թվում տեխնիկական հագեցվածության, աշխատավարձերի, սոցիալական: «Մեր առջեւ խնդիր է դրված, որպեսզի կարողանանք լուծել նաեւ ոստիկանների բնակարանային ապահովվածության հարցը: Այս խնդիրները Հանրապետության նախագահի հանձնարարականով գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոտակա տարիների ընթացքում էապես բարելավենք ոստիկանությունում աշխատողների վիճակը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի եւ մարտական պատրաստականության գործում ներդրած ավանդի համար Տիգրան Սարգսյանը Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:































