Կեղծ հայտարարություն տարածողների մասին ընդամենը մի բան կցանկանայի ասել՝ այնտեղ ավելի շատ կուսակցական կնիքն է, քան մարդ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն անել երեկ ՀԱԿ դաշինքի տարածած հայտարարության մասին եւ հավելելով, որ այդ մասին իրենք հայտարարություն են տարածել:
Նա չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ դաշինքի հայտարարության՝ ՀՀՇ-ականներին, այդ թվում՝ իրեն, ՀԱԿ խմբակցությունից հեռացնելու մասին առաջարկը: «Կեղծ հայտարարությունները ես չեմ մեկնաբանում: Մարդ-կուսակցությունների դարաշրջանն այլեւս Հայաստանում ավարտված է, դրանք այլեւս որեւէ նշանակություն չունեն, այսօր քաղաքական գործ կարելի է անել զանգվածային կուսակցությունների միջոցով: Իրենց մասին չխոսենք, խոսենք լուրջ քաղաքական գործընթացների մասին»,- ասաց նա:
Խոսելով ՀԱԿ դաշինքի մասին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ դրան վերաբերող հարցերը պարզ կլինեն առաջիկայում՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ դաշինքի քաղխորհրդի վերջին նիստում իրենք որոշում են կայացրել դադարեցնել նիստերը, մինչ կուսակցության ձեւավորումը, այժմ կուսակցությունը ձեւավորվել է, բայց չեն խոսում այդ մասին, քանի որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն է:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրված չէր ՀԱԿ համագումարին: Իսկ թե որն է չհրավիրելու պատճառը, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իրենք հրավիրել են այն ուժերին, որոնք պատրաստ են սերտ համագործակցության իրենց հետ: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ՞ համագործակցության, նա կարճ պատասխանեց. «Համենայն դեպս, չի արտահայտվել»:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն էր տարածել ՀԱԿ դաշինքը, որի տակ ստորագրել էին ՀԱԿ դաշինքում ընդգրկված 8 ուժերից 5-ը: Ավելի ուշ ՀԱԿ կուսակցությունը եւս հայտարարություն էր տարածել, դաշինքի հայտարարությունը որակելով կեղծ:




























