Հայաստանի նախագահ Սարգսյանին այսօր՝ ապրիլի 18-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարունը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, եւ այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարեւոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի եւ Լիբանանի ժողովուրդների միջեւ հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ, որն արտահայտվում է տարբեր մակարդակներում, միջազգային կառույցների շրջանակներում եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում շահագրգիռ ու ակտիվ փոխգործակցությամբ:

Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու գործում: