Ապրիլի 15-16-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում` նվիրված հայ վանականության անցյալին եւ ներկա մարտահրավերներին: Կոնֆերանսը կազմակերպել էին Զալցբուրգի համալսարանը, «Պրո-Օրիենտե» կազմակերպությունը եւ Զալցբուրգի Բենեդիկտյան միաբանությունը:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սիմպոզիումին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն եւ Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից Կալվածոց տեսուչ Տ. Բագրատ վարդապետ Բերջեքյանը եւ Ամերիկայի Հայոց Արեւելյան թեմից Տ. Դանիել վարդապետ Ֆնդիկյանը:
Հայ եւ ընդհանուր վանականության վերաբերյալ զեկույցներ են կարդացել Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Դիտմար Վինկլերը, հայագետ Ժասմին Դում-Տրագուտը, ֆրանցիսկյան միաբանության անդամ Յոհաննես Շնայդերը, Բենեդիկտյան միաբանության անդամներ Գոտֆրիդ Գլասները եւ Պաուլուս Կոսին:
Կոնֆերանսին ներկա էին նաեւ Զալցբուրգի Արքեպիսկոպոս Ալոիզ Կոլթգասերն ու Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:




























