Այսօր՝ ապրիլի 18-ին, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, որին իր տիկնոջ հետ ներկա է եղել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ Աշխատակազմի, ՀՀ Կառավարության եւ ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հյուրեր Հայաստանում Հունական համայնքից:
Ողջունելով Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառման ներկաներին եւ մասնակիցներին՝ ԵՊԼՀ ռեկտորը նշել է. «Պետք է ասեմ, որ ԵՊԼՀ-ում հունարեն ուսումնասիրող 100 ուսանողները եւ հունարեն դասավանդող դասախոսները ԵՊԼՀ-ի փոքրիկ հունական համայնքն են»: ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն իր խոսքում կարեւորել է ԵՊԼՀ Հունարենի եւ հունական մշակույթի կենտրոնի դերը մարդկության հնագույն քաղաքակրթության օրաններից մեկի՝ Հունաստանի պատմության, լեզվի եւ մշակույթի տարածման գործում եւ հավելել. «Մարտի 25-ով տոնում ենք 1821թ. հունաստանի ազգային ազատագրման պայքարի մեկնարկը, որով հույն ժողովուրդն ազատվեց թուքական լծից»:
Բոլոր ազգերի համար անկախությունը համարելով բարձրագույն արժեք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը նշել է, «Այսօրվա միջոցառումը վկայում է, որ հայ-հունական կապերը խարսխված են ոչ միայն հազարամյա անցյալի վրա, այլ ունեն նաեւ մեծ ներկա եւ ապագա»:
Միջոցառմանը հունական երգերի շարանով ելույթ են ունեցել Հայաստանում Հունական համայնքի «Խարիտոնի» վոկալ գործիքային անսամբլը, որը ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստուհի, 6 ոսկե մեդալակիր, ՀՀ Կոնսերվատորիայի դասախոս պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը: «Խարիտոնի» անսամբլը աշխարհում միակն է, որը հունական բուզուկին հնչեցնում է հայկական քանոնի հետ եւ ստանում անզուգական մեղեդի: Անսամբլի երգացանկն այնքան վարակիչ է եղել, որ ՀՀ-ում հունական համայնքի ներկայացուցիչների հետ հունական շուրջպար է բռնել անգամ Շարմազանովը:




























