Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանի 2013թ. ապրիլի 16-ի հրամանով ժամանակավորապես արգելվել է Չինաստանից որոշ ապրանքների ներկրումը:

Այդ մասին տեղեկացնում է տեսչության պաշտոնական կայքէջը:  Արգելվելու է ներկրել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը:

Որոշումն ընդունված է թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում;

Նշենք, որ ապրիլի 17-ի դրությամբ Չինաստանում թռչնագրիպի H7N9 վիրուսի վարակման 82 դեպք է արձանագրվել, որոնցից 17-ը մահվան ելք են ունեցել: Չինաստանից թռչնագրիպի թափանցման դեմ միջոցներ են կիրառում նաեւ այլ երկրներում: Մասնավորապես՝ նմանատիպ սահմանափակումներ են կիրառում նաեւ Ռուսաստանում, այդ թվում՝  սահմանը հատող Չինաստանի քաղաքացիներւի մոտ պարտադիր չափում են ջերմությունը: