Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին եւ շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ եւ հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը` նշելով, որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է:

Քննարկելով  կրթական համագործակցության ծրագրերը՝ կարեւորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Մ. Հերացիի անվան  պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս   Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ  մինչ այդ սովորած ուսանողները արդեն համալրել են Հնդկաստանի  առողջապահության համակարգը:

Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին կարեւորել է, որ Երեւանի լեզվաբանական համալսարանում հնդկերենի ամբիոնի զարգացման, ինչպես նաեւ հնդկական մշակույթի եւ լեզվի նոր կենտրոնների հիմնադրման խնդիրը, նշելով, որ այս հարցի հետ կապված ակնկալում է ՀՀ ԿԳՆ աջակցությունը: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է նպաստելու նման կենտրոնների բացմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ դիպլոմների  փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման  եւ մի շարք այլ ծրագրերի: