Այսօար՝ ապրիլի 19-ին Երեւանում մեկնարկել է «Ներդաշնակեցում եւ ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Այն կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) եւ Ճամփորդության եւ զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը (IFTTA):

Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ IFTTA-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը: Համաժողովին մասնակցելու համար տարբեր երկրներից Երեւան են ժամանել զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ, այդ թվում փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում: Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն զբոսաշրջության զարգացմանը, պլանավորմանը, մրցակցությանը, սպառողների պաշտպանությանը, օրենքների ներդաշնակեցմանը եւ համապատասխանեցմանը, ուղեւորների իրավունքներին եւ այլընտրանքային վեճերի լուծմանը վերաբերող հարցեր: Համաժողովի արդյունքում հայաստանյան գործընկերները կմշակեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավանորմատիվային դաշտի բարեփոխման եւ արդիականացման գործողությունների ընդհանուր պլան:

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀԱՄՀ-ի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ IFTTA-ի նախագահ Մայքլ Վուկոշիցը: Մասնակիցների թվում էին IFTTA-ի երեք պատվավոր նախագահներ, այդ թվում EDMC-ից Ջոն Դաունսը, եվրոպացի առաջատար իրավաբաններ ու IFTTA-ի անդամներ, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, կրթության ոլորտի եւ միջազգային համայնքի ներկայացուցիչներ: