Աղվերանում, այսօր՝ ապրիլի 19-ին մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում, ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով:
«Դպրոցը եւ կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել երիտասարդներին իրագործել եւ պաշտպանել իրենց իրավունքները առօրյա կյանքում», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Հայաստանի տարբեր շրջաններից միջնակարգ դպրոցների հասարակագիտության մոտ 35 ուսուցիչ-վերապատրաստողներ եւ կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ կքննարկեն միջնակարգ դպրոցում մարդու իրավունքների կրթության ծրագրման, իրականացման եւ գնահատման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները:
Մարզերում այնուհետեւ կանցկացվեն մեկօրյա աշխատաժողովներ, որոնց նպատակն է դիտարկել դասընթացի ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչպես նաեւ օգնելու տարածել ձեռքբերած հմտությունները դասավանդողների ավելի լայն շրջանակներում:
Դասընթացը իրականացվում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի՝ Սիվիթասի (CIVITAS) կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին նաեւ կներկայացվի միջնակարգ դպրոցներում մարդու իրավունքների կրթության վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել եւ վերջերս հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից:
Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ու թեմաները միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրում ներառվել են (8-10-րդ դասարաններ) 2001թ.: 2010թ. ի վեր ԵԱՀԿ-ն աշխատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության ոլորտներում մարդու իրավունքների կրթությունը զարգացնելու նպատակով:




























