Դեպի Հայաստան ավիափոխադրողների գները բարձր են: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Եթե զբոսաշրջիկը Վիեննայում պետք է 15 ժամ սպասի իր չվերթին՝ չի գա այստեղ, եթե ԱՄՆ-ից ես գալիս ու 2 գիշեր պետք է մնաս օդանավակայանում՝ չես գա Հայաստան: Այո՝ գները բարձր են, իսկ ծառայությունները հրաշալի չես կարող համարել»,- ասաց Ջոն Հեֆերնը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զբոսաշրջային գները պետք է նայել փաթեթով: Օրինակ՝ նրա տեղեկացմամբ, հյուրանոցների գները Հայաստանում 10-15%-ավելի ցածր են, քան նույն կարգի հյուրանոցների գները հարեւան Վրաստանում:
ԱՄՆ դեսպանը եւս համաձայնեց այն մտքի հետ, որ գները պետք է նայել փաթեթով, սակայն շեշտեց, որ ավիացիայի ոլորտում հարկավոր են բարեփոխումներ:




























