Ադրբեջանական բանակում հերթական արյունալի միջադեպն է գրանցվել. զինվորը կրակել է սպայի վրա: «Անզգույշ» կրակոցի հետեւանքով սպան մահացել է, հաղորդում է APA-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում գտնվող զորամասերից մեկում: Կրակողը եղել է Շահվերդիեւ Ռաֆայիլ Ալի օղլուն, իսկ սպանվել է ավագ լեյտենանտ Մամեդով Էլշան Մուբարիզ օղլուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի բանակում հերթական արտակարգ դեպքն էր գրանցվել, որի հետեւանքով երկու զինվոր վիրավորվել էր:

Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինվոր Սաբուհի Օսմանլին տաբելային ինքնաձիգից արձակված կրակոցով վիրավորել էր իր ծառայակիցներ Էլշադ Համաթովին եւ Մովլուդ Մուրթուզալիեւին (19-ամյա): Երկու վիրավորներն էլ տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախնական տվյալներով, միջադեպը տեղի էր ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Արտակարգ պատահարի մասին տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Նա նշել էր, որ հետաքննություն է ընթանում: