Կիբերհանցագործությունների բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում զգալի առաջընթաց է գրանցվել: Այդ մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով, նման իրավախախտումներ Հայաստանում արձանագրվում են, թեեւ ոչ մեծ քանակությամբ: Չարագործների թիրախներից մեկը դառնում են երեխաները: «Մենք դեպքեր ենք արձանագրել, երբ սոցիալական ցանցերի միջոցով երեխաներին փորձել են ապօրինի առաջարկներ անել: Սակայն մեզ հաջողվում է բացահայտել այդ խախտումները եւ մեկուսացնել հեղինակներին»,- ասել է Վարդանյանը:
Ընդ որում, ըստ ոստիկանի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի մասնագետները սկզբում չէին էլ ենթադրում, որ նման հաջողություններ կարանագրեն: «Բայց մեր տղաները բարձրակարգ մասնագետներ են, եւ պատվով կատարում են իրենց խնդիրը»,- հավաստիացրել է նա: Հաջողության բանաձեւը նա, հասկանալի պատճառներով, չբացահայտեց. «Կարող եմ ասել, որ մեր աշխատակիցները ուշադիր հետեւում են սոցիալական ցանցերին քաղաքացիներին պաշտպանելու համար»:
«Այսինքն ձեր աշխատակիցները գրանցվա՞ծ են Facebook-ում»: «Այո»: «Իրենց իրական անուններո՞վ»: «Չգիտեմ»,- ժպտաց Վարդանյանը:




























