Լոնդոնում Հայաստանի դեսպանությունը, ապրիլի 17-ին, կազմակերպել է Ռուբեն Գալիչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպել են երեք հայկական մշակութային կազմակերպություններ՝ «Թեքեյան» մշակութային միությունը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն ու Նոր Սերնդի մշակութային միությունը:

Շնորհանդեսը բացել է Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, ով անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը, մասնավորապես՝ այդ երկրի իշխանությունների ցուցումով իրականացվող տարածաշրջանի պատմությունն աղավաղված մատուցելու քաղաքականությանը։

Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրել է գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։