Փոքր երկրների համար ազգային փոխադրող ունենալն այնքան էլ կարեւոր չէ: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ճամփորդության եւ զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) նախագահ Մայքլ Վուկոշիչը, ով Երեւանում մասնակցում է «Ներդաշնակեցում եւ ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին:
Փորձագետի կարծիքով` ավելի նպատակահարմար է ներդրումներ կատարել զբոսաշրջությունը խթանելու համար, այլ ոչ թե ազգային փոխադրողին վերածնելու:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշեց, որ ազգային փոխադրող ունենալու հարցը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը` ելնելով նաեւ տարածաշրջանային բարդ իրավիճակից: Բայց նա նաեւ բերեց Բեյրութի օդանավակայանի օրինակը, որը չդադարեցրեց քաղաքացիական չվերթները լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Մ. Վուկոշիչը նաեւ նշեց, որ Ավստրիան հրաժարվել է ազգային փոխադրող ունենալուց` դրան յուրահատուկ խնդիրները փոխանցելով Lufthansa մասնավոր ավիաընկերությանը` առանց սակայն որեւէ արտոնություն շնորհելու:




























