Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյան արձակուրդում է գտնվում եւ այդ ընթացքում խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է, այդ պաշտոնում նրան փոխարինի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը: NEWS.am-ը զրուցեց այս վարչական շրջանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ հասկանալու համար, թե որքանով են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

Նոր-Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նորից Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին անցնելու առաջարկ չի ստացել՝ հավելելով, որ նման առաջարկի չի էլ սպասում: Հարցին, թե վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանեց ասաց. «Ես հիմա Տրանսպորտի եւ կապի նախարարությունում եմ եւ հատուկ կապի տնօրենն եմ»:

Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն էլ ասաց, ինքն ավագանու անդամի թեկնածու է, հետեւաբար արձակուրդի մեջ է, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ:  «Շատ բան կարող են ասել, ես նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Միանշանակ ես չեմ պատրատվում հրաժարական տալ»,- ասաց Նոր-Նորք վարչական շրջանի ներկայիս ղեկավարը: