Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժող Նարինե Ղ.-ն խնդրել է ներել իրեն փախցրած երիտասարդին, քանի որ ցանկանում է  նրա հետ ամուսնանալ: Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կ. Ստեփանյանի եւ Գ. Առաքելյանի հետ, ամուսնության նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով Գ.Առաքելյանի վարած ավտոմեքենայով առեւանգել են Նարինե Ղ.-ին:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդու առեւանգում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է  4-8 տարի ժամկետով:

Սակայն, երբ գործը հասել է դատարան, տուժող Նարինե Ղ.-ն հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալների հետ, ցանկանում է ամուսնանալ Արթուր Խ.-ի հետ եւ չի առարկել արագացված կարգով դատաքննություն կիրառել: Նա խնդրել է ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել: Դատարանը Արթուր Խ.-ին, Կ. Ստեփանյանին, Գ. Առաքելյանին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Սակայն կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: