Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հաստատեց տեղեկությունները, որ հանդիպումներ ունենում է պաշտոններ ունեցող իր ընկերական շրջապատի հետ, սակայն աշխատանքի առաջարկներ չի ստացել: Նրանց հետ հանդիպում է զուտ կարոտն առնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Գիզիրյանն՝ արձագանքելով խոսակցություններին, թե հնարավոր է, որ նորից վերադառնա իրավապահ համակարգ:

«Հանդիպում եմ նրանց հետ, ում կարոտն զգում եմ: Հարազատ ընկերներիս, հարազատներիս, ովքեր լավն են»,- ասաց Աշոտ Գիզիրյանը: Նրա խոսքով, ինքը դեռ հանգստանում է եւ ուրախ է, որ ազատության մեջ է, քանի որ իր ժամանակի տերն է: 

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում առողջությունն է վերականգնում, լողավազան է այցելում, սպորտով է զբաղվում եւ քայլում՝ քաղաքով: