Ակտիվիստ Վարդգես Գասպարին, այսօր՝ ապրիլի 20-ի վաղ առավոտյան, ժամը 8:30-ին միայնակ բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Թումանյան փողոցի վրա գտնվող տան դիմաց: Նա ձեռքին ունեցել է ցուցապաստառ հետեւյալ գրությամբ. «ոստիկան ստախոս, ոստիկան սրիկա»:
Նրան են մոտեցել երկու ոստիկան եւ բռնությամբ տարել ոստիկանություն: Թե ինչ է տեղի ունեցել ոստիկանությունում, Վարդգես Գասպարին ներկայացրել է Facebook-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր, ինչպես նշել էի, առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքեւ Վլադիմիր Գասպարյանի տան մոտակայքում կանգնաճ էի իմ պաստառով...
Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը... բնականաբար, քանի որ իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ բերման են ուզում ենթարկել, ես բնականաբար չընդունեցի իրենց հրավերը: Նրանք հարկադրանքի կիրառմամբ արդեն ինձ պառկած վիճակում տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փողոց) բարձրացրեցին ( երեւի վերջին հարկ ) Վ. Գասպարյանի մոտ, միջանցքում ինձ հորդորելով, որ ելնեմ պառկած վիճակից:
Արդեն սենյակից դուրս եկավ Գասպարյանը եւ նախ քաղաքավարի հրավիրեց իր սենյակ «զրուցելու»: Չստանալով ինձանից ոչ մի պատասխան, աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու, ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտ ակցիա չանեմ: Նա ասաց, որ ակցիա անելու դեպքում, դա կդիտարկի անձնական հարց եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը:
Արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստացրել աթոռին, իսկ Գասպարյանը շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքներն իմ եւ իմ ընտանիքի հասցեին, մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճի՞շտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` «Էստեղից սրան տարեք»:
Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:
Այս պահին էր, որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին: Իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան:
Ոստիկանապետին հատկապես կատաղեցնում էր, որ ես իրեն չէի պատասխանում: Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տվեց սպառնալիքները` « քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ» եւ այլ սպառնալիքներ:
Այդ ժամանակ ներկաները` ոստիկանապետի ենթականերն, ինձ իջեցրին հարկերով (քանի որ բարձրանալիս վերելակը փչացել էր) մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում: Հետո նստեցրեն մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին:
Ասեմ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչ-որ չափով ազդել էր, որովհետեւ ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար` ձեքերս ու ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքով:




























