Այսօր շատ են դժգոհում, որ աշխատանքի են ընդունում մինչեւ 25 տարեկան երկար ոտքերով աղջիկների, բայց իմ ինչին է պետք նրա գեղեցկությունը, եթե մատիցս փուշ չի հանելու եւ ուղեղ չունի: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով՝ այսօր շատ բարձրագույն կրթություն ունեցողներ հավաքարար կամ վարորդ են աշխատում: «Մենք պետք է բոլորին տիրություն անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է այնպես անեն, որ թոշակառուն ոչ թե յոլա գնա իր թոշակով, այլ՝ ապրի, իրեն մարդ զգա:
Քաղաքապետի թեկնածուն նաեւ նշեց, որ այսօր երեւանցիները վախկոտ են դարձել, «որովհետեւ բակային հանդիպումների ժամանակ ավտարիտետ ա, ինչ ա, վախեցնում են, որ «եթե գնաք, այսպես կանենք, այնպես կանենք, գլուխդ կջարդենք»:
«Ժամանակն է, որ տիրություն անենք մեր Երեւանին եւ դա պետք է անենք միասին: Այս ուղղությամբ անելիքներ շատ ունենք: Հիմա մատների վրա եկեք հաշվենք տեսնենք քանի նորքեցի է մնացել: Ես կարող ա՞ երեւանցի չեմ, չգիտեմ ովքեր են ապրել: Հիմա բոլոր երեւանցիները կամաց-կամաց վաճառում են Երեւանի կենտրոնի իրենց տները, որովհետեւ փող չունեն, քյասիբ են: Էդ ուրիշ բան, որ գյուղից գան առնեն, նորմալ մարդիկ լինեն, բայց նաեւ աննորմալ երեւույթներ են գալիս: Մի հատ ռաբիզ տուն են սարքում ու թողնում գնում: Դրա համար էլ սիրտները չի ցավում, դրա համար էլ այնպես պետք է անենք, որ սիրտներս ցավա»,- դժգոհեց Արմեն Երիցյանն ու հավելեց. «Այսքան ժամանակ որեւէ թեկնածուի մասին վատ բան չեմ ասել, բայց, եթե կխոսեն՝ կստանան: Պետք է այնպես անենք, որ մեկս մյուսիս հարգելով փոխենք»:




























