Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝  Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը:

Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարեւանությամբ:  Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից եւ լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստելու քանդակի վրա եւ ընթերցանությամբ զբաղվելու:

Ինտերակտիվ քանդակը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այն հնարավորություն է ընձեռում քանդակի հարակից տարածքից անվճար ինտերնետ կապի միջոցով մուտք գործելու www.karda.am կայքէջ եւ ներբեռնել միլիոնավոր գրքեր: Ի դեպ, Ընթերցողի քանդակն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:

Միջոցառմանը ներկա մտավորականները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքում նման արձանի բացումը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ավելացման յուրօրինակ խթան կհանդիսանա: