ՀԱԿ-ի ցուցակում բոլորը փորձված, քաղաքական վերջին հինգ տարվա շարժման առաջամարտիկներից են, քաղաքական հասունություն ունեցող մարդիկ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ավանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա, ներկայացնելով ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին. ասաց, որ նրա քաղաքապետ եղած տարիներին նրա ոչ ընկերները, ոչ բարեկամները ոչինչ չեն շահել, որովհետեւ նա եղել է սկզբունքային։ Նա շեշտեց, որ եթե ամբողջ Երեւանում գտնվի մեկը, ով ասի, թե Վահագն Խաչատրյանն իրենից կաշառք է վերցրել կամ ինչ-որ մեկի հացին վայիս է եղել, ինքը ներողություն կխնդրի։

ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ իրենք ներկայացնում են անարատ, պինդ, սկզբունքային մարդկանց ցուցակ:

«Հանկարծ, եթե այդպիսին չլինեինք, իշխանությունը մեզ կուտեր: Մենք ուժեղ ենք մեր կամքով, մաքրությամբ: Ոչ ոք չկարողացավ մեզ երբեք կոտրել: Չեմ ամաչում ասել՝ բոլորից նվիրվածն ու բոլորից լավը ՀԱԿ-ն է: Եթե երկրում փոփոխություն լինելու է, իմացեք, որ ՀԱԿ-ն է անելու, եթե Սերժից ազատող մի կուսակցություն լինելու է, ՀԱԿ-ն է լինելու: Ամենաչզիջող ու միայն կոնկրետ, Սերժից ազատվելու խնդիր դնող քաղաքական ուժը ՀԱԿ-ն է»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու պետք է քաղաքացին իր ձայնը տա ՀԱԿ-ին։ Պատգամավորի կարծիքով՝ իրենք իրենց կյանքով են ապացուցել, որ նվիրված են իրենց դավանած արժեքներին՝ անկախություն, պետականություն, Ղարաբաղ, ազատականություն, ժողովրդավարություն։ «Մենք բաց ճակատով քսան տարի եւ առաջիկա քսան տարիներին էլ ասելու ենք, որ մենք ենք ամենահամարձակ, ամենսակզբունքային, ամենա ո կոմպրոմիսային եւ ամենակռիվ տվող քաղաքական ուժը»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը կոչ արեց մարդկանց չվախենալ եւ չծախվել ընտրակաշառքով «Ասում են՝ Տարոնն ավելի քիչ փող ունի, քան Ռոբերտը, տո նրա տիրոջ… նրանն էլ: Ով կաշառք է տվել այս երկրում գործ չունի, երբեք չմտածեք, որ ձեզ փող տվողը ձեզ լավ է նայում, ծառը կտրում է ծաղիկ է տնկում: Հայ ժողովուրդն այն աննամուսը չէ, որ այս պուճուր կոպեկի արժեքով իր ձայնը, իր երեխաների ապագան տա։ Դուխով ժողովուրդ»,-ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը: