Ես իրենցից լավ գիտեմ Երեւանի խնդիրների մասին, որովհետեւ իրենք չեն կարդում նույնիսկ իրենց մեկ տարի առաջ գրած փաստաթղթերը: Այս մասին ապրիլի 20-ին, ավանցիների հետ հանդիպմանն ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը:«Ասում են Տարոնը լավ տղա է: Ի՞նչ է նշանակում, Տարոնը լավ տղա է: Ես ինչո՞վ եմ իրենից վատը: Երեւանը վա՞տ գիտենք, Երեւանի ռեստորանների, սրճարանների տեղը չգիտե՞նք: Տարոնը լավը կլինի այն ժամանակ, երբ ցանկացած երեւանցի իր քաղաքում իրեն լավ քաղաքացի կզգա: Եվ ոչ թե կգան մարդուն ամենավատ եղանակին տնից կհանեն, կասեն մի հանրապետական օլիգարխ կա, ուզում է շենք կառուցի: Մի ուրիշ բան էլ կա, գնում ենք թաղ, թաղային տղաներն ասում են՝ գիտես ինչ կա, իմ թաղից գնա, էս իմ թաղն ա: Սա քո թաղը չէ, տղա ջան: Սա Երեւան քաղաքն է: Եվ դու չպետք է որոշես` դու թաղի տղա ես, թե՝ ոչ: Եթե դու թաղի տղա ես, մենք ավելի լավ թաղի տղա ենք: Մենք էս Երեւանում ավելի մեծ ամագ ունենք, քան թե դուք: Ու իմացեք, որ չենք էլ վախենալու ու, պետք լինի, գալու ենք ձեզ հետ խոսենք: Մենք ամեն ինչի ընդունակ ենք»,- ասաց նա:

Նախկին քաղաքապետն ասաց, որ այն տարիներին, երբ սկսեց աշխատել, շատ ավելի դժվար տարիներ էին, շատ ծրագրեր ունեին քաղաքի, այդ թվում` Ավանի, բարեկարգման վերաբերյալ, բայց իշխանությունից հրաժարվելով, իրենց բոլոր ծրագրերը մնացին անկատար. «Ես հիմա ման էի գալիս Ավանով ու փորձում էի հասկանալ՝ ինչ փոփոխություններ կան: Բացի մի քանի բակից, որոնք բարեկարգ էին, որտեղ կանաչ կար, ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը՝ վիճակն ավելի վատացել է: Միայն մի փոփոխութուն կա՝ ոչ մեկի երեսին ժպիտ չտեսա, տխուր ու մտահոգ դեմքեր, եւ մարդիկ վախենում են մեզ մոտենալ: Ես չեմ ուզում, որ երեւանցին ինձնից վախենա, իշխանավորից վախենա»,- ասաց նա: ՀԱԿ անդամը շեշտեց, թե ՀՀԿ-ն կործանում է Հայաստանը, մենք պարտավոր ենք ազատվել այս իշխանությունից, որը մեզ տանում է կործանման: Նրա խոսքով` չի կարելի ապրել այնպիսի մի երկրում, որտեղ 1/3-ից ավելին աղքատն են, 20 տոկոս գործազրկություն կա, որտեղ օրական 500 մարդ լքում է Հայաստանը: