Բուրյաթական Ուլան Ուդե քաղաքի Ժողովուրդների բարեկամության տանը էթնոմշակութույին միավորումների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Տոլոկոնսկուն հարց է ուղղվել նաեւ հայկական եկեղեցու կառուցման համար տարածքի հատկացման մասին: Հարցը բարձրացրել է հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Սեդրակ Անանիկյանը` նշելով, որ արդեն 15 տարի հայ համայնքը չի կարողանում Ուլան Ուդեում հայկական եկեղեցու կառուցման համար տարածքի ստացման խնդիրը լուծել, հայտնում է  «Երկրամաս» պարբերականը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեցին»:

Հարցին  Տոլոկոնսկին պատաասխանել է. «Ես միշտ ավտոնոմիզացիայի դեմ եմ եղել` առանձին գերեզման եւ այլն: Սակայն քանի որ հայկական եկեղեցին պրակտիկապես չի տարբերվում բազային կրոններից, այդ հարցը կարելի է դիտարկել, սակայն շատ նրբորեն, սահմանը չանցնելով: Կան բաներ, որոնց զգուշորեն պետք է վերաբերվել: Մենք հասկանում ենք, որ Բուրյաթիան առանձնահատուկ տարածշրջան է, որտեղ կա բնիկ բնակչություն` իր կրոնով, ուստի պետք է այնպիսի որոշում գտնել, որը ձեռնտու կլինի բոլորին: Մենք կողմ ենք պաշտպանելու ազգայինը, սակայն այն պետք է ադապտացվի հանրապետությանը: Պետք է ընկալում լինի, որ մենք ոչ միայն եկել ենք ու այստեղ մտադիր ենք ապրել մեր  ավանդույթներով, այլ եկել ենք ապրելու Բուրյաթիայում»:Ցավոք, «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հրապարակումից պարզ չի դառնում, ՌԴ նախագահի ներկայացուցիչն ինչ է հասկանում «բազային կրոն» ասելով եւ Բուրյաթիան ինչով է տարբերվում Ռուսաստանի մյուս ռեգիոններից, որտեղ կա «բնիկ ժողովուրդ իր կրոնով», բայց դա չի խոչընդոտում հայկական եկեղեցու կառուցմանը, գրում է «Երկրամասը»: