Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար եւ ընդգծել, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն էր:
«Համայն հայության մայրաքաղաք Երեւանը պատվով է կրել գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր տիտղոսը, ինչն էլ ավելի աշխույժ ու ջերմ էր դարձրել մայրաքաղաքի մշակութային կյանքը: Անցած մեկ տարվա ընթացքում Երեւանում անցկացվեցին գրքին ու ընթերցանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ, եւ կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ նաեւ հաջողվեց երիտասարդ սերնդի մեջ գրքի եւ ընթերցանության նկատմամբ առաջացնել ցանկալի հետաքրքրությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ մայրաքաղաքի հյուրերից յուրաքանչյուրն էլ իր հայրենիք կվերադառնա Երեւանի ու երեւանցիների մասին հաճելի հուշերով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' օտարերկրյա գրողների պատվիրակության անդամները նշել են, որ միջազգային փառատոնի անցկացումն ու Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները մշակութային երկխոսություն ծավալելու լավ առիթ էին:
Նոբելյան մրցանակի հավակնորդ, Գյոթեի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Ադոնիսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երեւանի սերն ու ջերմությունը գրողի ու մշակույթի նկատմամբ հենց առաջին հայացքից էր տեսանելի, ինչի վառ ապացույցը հայ բանաստեղծների անուններով անվանակոչված երեւանյան փողոցներն էին:
«Անկեղծորեն հիացած եմ, բացահայտելով, որ երեւանյան շատ փողոցներ անվանակոչված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գրողների անուններով: Նման հարգալից վերաբերմունք գրողների եւ բանաստեղծների նկատմամբ չեմ տեսել աշխարհի եւ ոչ մի երկրում: Ժողովուրդները մեծ են ոչ թե իրենց քանակով կամ երկրի մեծությամբ, այլ մշակույթի նկատմամբ դրսեւորած իրենց վերաբերմունքով: Եվ այս առումով վստահորեն կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, որը հարուստ է ստեղծագործական ոգով ու ներուժով, իսկապես որակական մեծ դերակատարում ունի համաշխարհային մշակույթում»,-նշել է Նոբելյան մրցանակի հավակնորդը` Ադոնիսը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին արտահայտված ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հանդիպման մասնակից գրողները հաճախակի կայցելեն Հայաստան ու հնարավորություն կունենան առավել լիարժեք ծանոթանալու ինչպես հայ գրականությանն ու մշակույթին, այնպես էլ երեւանյան ինքնատիպ կոլորիտին:




























