Մեր երկրում անելիքներ շատ կան, քանի որ խնդիրները շատ են: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ  նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով, ազգաբնակչության հետ հանդիպման ընթացքում ծանոթացել է մի շարք խնդիրների, որոնց մասին տեղյակ չի եղել: «Այսօր մեր ծրագրում ներկայացրել ենք տարբեր դրույթներ, չկա մի այնպիսի խնդիր, որոնց մասին անդրադարձած չլինենք: Մյուս կուսակցությունները եւս ներկայացրել են իրենց ծրագրերը: Բոլորի ծրագրերը գրեթե նույնն են, բայց կարեւորը կյանքի կոչելն է, որ մեր երեւանցու մատից փուշ հանենք: Մենք կարող ենք անել ավելին եւ պետք է դա անենք»,- ասաց Արմեն Երիցյանը:

Խոսելով Կոնտրոնի խնդիրների մասին` նա ասաց, որ նոր շենքերը շատ են, բայց կան նաեւ հին շենքեր եւ պետք է շենքերի սեյսմակայունության հետ կապված խնդիրները լուծվեն: Անդրադառնալով առողջապահությանը` Երիցյանը նշեց, թե նախ պետք է սկսել վերաբերմունքից: «Շատ հաճախ գնում ես բժշկի, իրենց այնպես են պահում, որ իրենք բարձր են, դու` ցածր: Շատ հաճախ ես էլ եմ գնացել բժշկի եւ չեն իմացել, որ նախարար եմ եւ զգացել եմ այդ վերաբերմունքը: Հետեւաբար պետք է սկսենք վերաբերմունքից»,- առաջարկեց Արմեն Երիցյանը:

Արտագաղթի մասին խոսելիս ընդգծեց, որ երիտասարդությունը գործազրկության հետեւանքով գնում են արտերկիր` ստրուկի կարգավիճակով աշխատելու, իսկ վատագույն դեպքում տանից գումար են ուղարկում, որ հետ վերադառնան: «Յուրաքանչյուրը իր կրթության «գյորա» պետք է զբաղվի իր աշխատանքով: Ի՞նչն է պատճառը, որ շատերը իրենց թաղապետերին չեն ճանաչում: Բա՞ չգնան ամիսը մեկ շրջեն, բնակիչների հետ շփվեն: Բա՞ չհավաքվենք, ասենք, արա, էս ինչ եք անում: Մենք եռամսյակը մեկ պետք է հանդիպենք եւ հաշվետվություն տանք, թե ինչի վրա են ծախսվում բնակիչներից գոյացված գումարները»,- խոստացավ Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ բոլոր ոլորտներում անելիքներ ունեն, բայց դա պետք է արվի միասին: