«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լ.Թադեւոսյանի նախագահությամբ, մերժել է ամբաստանյալ Ս.Ղազարյանի վերաքննիչ բողոքը: Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Ավելի վաղ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Սամսոն Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, եւ 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառությունը, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 տարի ժամկետով:
«ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառմամբ Սամսոն Ղազարյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից։ Այսինքն, նրան ներկայումս սպասվում է 4 տարվա ազատազրկում:




























