Համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին եւ դրանք անվանափոխել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը `«Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:
Բացի այդ, պարզվել էր նաեւ, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը ապօրինի տիրացել է նաեւ Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին:
Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:




























