ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն անպատշաճ է համարում ԲՀԿ-ի նախընտրական արշավին իր գնահատական տալը:
Ապրիլի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա նորից, ինչպես մի քանի օր առաջ, առաջարկել է մի կողմ դնել այդ հարցը: Ըստ նրա` այդ հարցին ընտրությունների օրը կպատասխանեն ընտրողները: «Վստահ եմ, որ ընտրողները կպատասխանեն բոլոր հարցերին»,-նշել է Տիգրան Ուրիխանյանը:
Հարցին, թե ինչպես է կուսակցությունը գնահատում իր հնարավորությունները, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ կուսակցական մրցակցության առումոբ ԲՀԿ-ի շանսերը բարձր է գնահատում: Նա նաեւ հիշեցրել է, որ կան ուժեր, որոնք իրենց ուշադրությունը սեւեռում են ընտրությունների ոչ կուսակցական բնույթի վրա: «Բայց ընտրողները կուսակցությունների համար են քվեարկելու, այլ ոչ թե` անձանց»,-նշել է Տիգրան Ուրիխանյանը:
Նախկին խորհրդարանում եւ ավագանիում ԲՀԿ-ի ներկայացուցիչների գործողությունների մասին հարցին պատասխանելիս, Ուրիխանյանը նորից նշել է, որ թե Ազգային ժողովում, թե քաղաքապետարանում իրենց ներկայացրած նախաձեռնությունները մեծամասնության կողմից մերժվել են, եւ որ հենց կուսակցության ներկայացուցիչների աշխատանքի հանդեպ ունեցած դժգոհությունն է ստիպել արմատապես փոխել ԲՀԿ-ի կազմը եւ ավագանու թեկնածուների ցուցակը: Պատասխանելով այն հարցին, որ քաղաքապետարանում ԲՀԿ-ի ներկայացուցիչները իշխանությունների կողմից առաջարկված որոշումների օգտին են քվեարկել, Ուրիխանյանը նշեց, որ գործող մեծամասնության առկայության դեպքում քվեարկության արդյունքը միեւնույնն է չէր փոխվելու:




























