Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ բացվել են պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները: Այս մասին նշված է Հայաստանի ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1890-1923թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր:

Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ` աշխարհի որ անկյունում էլ լինի:

Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից եռամիասնության` Հայաստան, Արցախ, Սփյուռք շնորհիվ, ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով ցեղասպանության բարդույթից, հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ բացվել են պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորսված հայրենիքը մեզ միասնության են կոչում:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում` հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը համայն հայության միասնությունն է:

Միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Մեր միասնությամբ մենք կբացառենք ոճրագործության կրկնությունը:

Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը` համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ու տարածքային փոխհատուցման»: