Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: Այժմ մեր կողմից մշակվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան ուղղված դիմումը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար:

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր: Նրանք դիմել էին Վճռաբեկ դատարան: Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am