NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում ժամը 13.00-ի սահմաններում հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ: Մեր տեղեկություններով` կրակել են Գյումրիում հայտնի թաղային հեղինակություններ «Քավոր Հարութի» եւ Շեկոյի վրա: Նրանք տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոն:

Հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Շեկոյի» վիճակը ծայրահեղ ծանր է, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, մահամերձ է, հնարավոր է այդ վիճակից դուրս չգա: Այժմ նրանք պատրաստվում են վիրահատել «Շեկոյին», չեն կարող տեղափոխել Երեւան, քանի որ վիճակը ծանր է: Իսկ «Քավոր Հարութը» վնասվածք է ստացել բազուկի շրջանում, կոտրվածքներ ունի:

Հիշեցնենք, որ  Գյումրիի Շիրակացի 6 շենքի բակում, այսօր` ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում կրակոցներ են հնչել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: