Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) կողմից ֆինանսավորվող Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի Համակարգող հանձնաժողովի նիստը: Ծրագրում ներգրավված են ԱԻՆ-ը եւ ԿԳՆ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմը (ԱՌՆԱՊ), ՕՔՍՖԱՄ եւ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպությունները:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել եւ քննարկել ԴԻՊԵԿՈ-ի ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` 2013 թ. առաջին եռամսյակում:
Ողջույնի խոսքում ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը մասնավորապես ասել է. «Հուլիսին կլրանա այս ծրագրի մեկ տարին: Դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցումից բացի` մենք մոտ մեկ տասնյակից ավելի ծրագրեր ունենք: Եթե Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք պատրաստված լինեինք, ապա դպրոցներում այդքան զոհեր չէին լինի: Դպրոցներն ԱՌՆ առումով մեծ նշանակություն ունեն: Աշակերտները պետք է ավելի պատրաստված լինեն աղետներին, քանի որ նրանք մեր հասարակության ամենախոցելի խավերից են»:
Նիստի օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ներկայացվել են ԴԻՊԵԿՈ-ի ծրագրի շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի` 2013 թ. հունվար-մարտի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում եւ հաստատություններում աղետների ռիսկերի նվազեցմանը» ծրագրի նպատակն է նպաստել բնական աղետների նկատմամբ խոցելի համայնքների դիմակայման բարձրացմանը եւ համայնքների ու երեխաների խոցելիության նվազեցմանը։
«Սեյվ դե չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Ներառական աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է մոտ 900 մանկավարժ` 21 հաստատություններից։
Հայկական Կարմիր խաչի «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի կազմակերպիչները Շիրակի մարզում հիմնել են կամավորական թիմեր` աղետի դեպքում առաջին օգնության համար։
ՕՔՍՖԱՄ-ի «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունությանն աղետների նկատմամբ» ծրագրի շնորհիվ Վայոց ձորի մարզի 10 գյուղական համայնքների դպրոցներին տրամադրվել են հակահրդեհային, առաջին օգնության եւ ազդարարման միջոցներ:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա ամռանը:




























