Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի վթարված 104 տան բնակիչները բաց նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին եւ Սյունիքի մարզպետին, որտեղ նշում են, որ միջոցներ չունեն տունը լքելու համար:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«2012թ օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ հետցնցումներից վնասվել էր Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 104 տունը եւ ստեղծվել էր վթարային իրավիճակ: Քաղաքապետարանի եւ մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում եւ ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն եւ կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չեք ստացել:
Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում եւ տունը հիմա գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը եւ ապաստարան խնդրել բարեկամներից:
Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր : Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց եւ չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին, տեղեկություն էր ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի «Բարաբաթում» թաղամասում առկա է տան փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Բաբայանին պատկանող թիվ 104 տան (կառուցված` 1954 թ., 200 քմ մակերեսով) պատերին առաջացել են ճաքեր, որոնք ներկայումս փլուզման վտանգ են ներկայացնում:
Տան բնակիչները տարհանվել են եւ վերաբնակեցվել ազգականների տանը:



























