Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը գերազանցում է իր լիազորություններն ու աշխատում ակնհայտ խախտումներով, ինչի մասին վկայում են Կրթության պետական տեսչության իրականացրած ստուգումները: Այդ մասին ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրությունների «Բարեւ Երեւան» դաշինքի առանցքն է կազմում:
Ըստ Բախշյանի, կրթության վարչությունը 2012թ. աշխատել է առանց կանոնադրության, ինչը օրենսդրության խախտում է: Բացի այդ, այն մշտապես գերազանցում է իր լիազորությունները. «Կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ դպրոցի ու մանկապարտեզների տնօրեններ են նշանակվել ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին, հաճախ էլ շրջանցվում են մրցույթները»: Նա նշել է, որ ընտրություններից հետո մտադիր են բոլոր ջանքերը գործադրել այդ երեւույթներն արմատախիլ անելու համար:
Դաշինքին անդամակցող «Շրջադարձ» կուսակցության անդամ Սիմոն Ղոնախչյանը դժգոհություն է հայտնել քաղաքի բյուջեի կատարման վերաբերյալ: «Ավագանին, չնայած որ 2012թ. չի կատարվել, միաձայն հաստատել է դրա կատարողականը: Ավագանին ընդհանրապես չի վերահսկում Երեւանի բյուջեն»:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























