Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի: Այս մասին նա այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել է Ստարսբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ: «Դա պետք է տեղի ունենա եւ անպայման տեղի կունենա, սակայն դա հեշտ գործընթաց չէ, դա սերտորեն առնչվում է քաղաքականությանը»,-հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, Վրաստանի վարչապետը նաեւ նշել է, որ Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Կասպյան տարածաշրջանի եւ Ասիայից էներգակիրները Եվրոպա հասցնելու հարցում իր տարանցիկ դերը մեծացնելու համար:

Նրա խոսքով՝ դրա համար Վրաստանը կուժեղացնի իր փոխհարաբերությունները հարեւան երկրների հետ, որոնք Վրաստանի «հին գործընկերներն» են: